
Բաթումում կանցկացվի զբոսաշրջության «Expo Batumi Travel 2018» միջազգային ցուցահանդեսը

Վրաստանի Բաթում (Աջարիա) սեւծովյան առողջարանային քաղաքում մայիսի 11-13-ին կանցկացվի զբոսաշրջության եւ հյուրանոցային կահավորման «Expo Batumi Travel 2018» միջազգային 11-րդ ցուցահանդեսը: Այդ մասին ասված է միջոցառման կազմակերպիչների կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսը խոստանում է լինել ընդգրկուն, դրան ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ: «Expo Batumi Travel 2018»-ին կմասնակցեն ընկերություններ, որոնք աշխատում են զբոսաշրջության, հյուրանոցային կահավորման, ռեստորանների եւ դեկորացիաների ոլորտներում:
Այս տարի ցուցահանդեսում կարելի կլինի ծանոթանալ այնպիսի երկրների ընկերությունների արտադրանքին ու գործունեությանը, ինչպիսիք են՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լիտվան, Լեհաստանը, Բելառուսը, Գերմանիան եւ ուրիշներ: Ցուցահանդեսի շրջանակներում միջոցառման մասնակիցների համար կանցկացվեն գովազգային եւ տեղեկատվական տուրեր, շնորհանդեսներ եւ լրագրողների հետ հանդիպումներ, հաղորդել է Sputnik-ը: