
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատասխանը Նիկոլ Փաշինյանի կոչին

Ինչպես հայտնի է, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների իր գործընկերներին միանալ իրենց շարժմանը՝ մոռանալով նախկինում եղած բոլոր տարաձայնությունները:
168.am-ը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Ն. Փաշինյանի կոչը, և հնարավո՞ր է՝ իրենք հետևեն այդ կոչին և միանան շարժմանը: Ի պատասխան՝ Դ. Խաժակյանն ասաց, որ իրենք ավելի քան 2 շաբաթ այդ հարցին պատասխանել են. «Հիմա մեր մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունենք»:
Հարցին՝ Ն. Փաշինյանի երեկվա կոչից հետո որևէ բան չի՞ փոխվել՝ Դ. Խաժակյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է փոխվել»:
Մեր ճշտող հարցին ձեր կուսակցությունում այդ հարցի վերաբերյալ նոր քննարկում չի՞ եղել՝ Դ. Խաժակյանը պատասխանեց, որ չի եղել:
ԱԺ «Ելք» խմբացության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի ապրիլի 19-ից հետո: