«Պայթյունավտանգ իրավիճակ է. մարդասպանություն է լինելու». ահազանգում է Հրաչ Բերբերյանը
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզում իրավիճակը պայթյունավտանգ է. ոռոգման ջրի սակավություն կա։
«Արփա լիճն ընդամենը 40 մլն խմ է լցվել։ Եթե այդ 5 հէկ-ը պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը, այդ մասին ես դեռ փետրվար ամսին եմ վարչապետի խորհրդականին զեկուցել, բայց սայլը տեղից չշարժվեց։ Այդ 5 հէկ-ով ջուրը հոսում է Արփի լճից դեպի Ախուրյանի ջրամբար, իսկ Ախուրյանի ջրամբարի ջրի 50 տոկոսը թուրքերն են տանում»,- ասաց նա։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ այս տարի ջրամբարների 52 տոկոսն է լցված: «Ներկա պահի դրությամբ մենք ջրամբարներում ունենք շուրջ 460 միլիոն խորանարդ մետր ջուր, և վերջին տասն օրվա ընթացքում օրական միջինը՝ ընթացքում հինգ միլիոն խորանարդ մետր աճ ենք ունենում, և նախորդ տարվա դրությամբ տարբերությունը կազմել է 27 միլիոն խորանարդ մետրի չափով՝ երեք տոկոս: Այս պահին բոլոր ջրամբարները միասին լցվածությունը կազմել է 52 տոկոս»։
Նա նաև նշել է, որ այս տարի Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որը յուրաքանչյուր տարի բաց է թողնվում, իսկ ավելիի վերաբերյալ հստակություն չկա։
Հրաչ Բերբերյանը դիտարկմամբ՝ վիճակը մեղմելու շատ ձևեր կան. «Բայց Սևանա լճի ջուրը ո՞նց պետք է հասցնենք Շիրակի դաշտ։ Սևանի ջուրը Շիրակ կհասնի՞։ Միայն Արփաչայի ջուրն է, որ ոռոգում է Շիրակի դաշտը։ Ընդհանրապես, կառավարությունը դեռ 5 տարի առաջ այդ հէկ-երի հարցը պետք է լուծեր։ Բազմաթիվ հէկ-եր դրել են գյուղացու ոռոգման ջրի վրա։ Ամենազավեշտալին այն է, որ հէկ-երն իրենց աշխատանքը հուլիսին են դադարեցնում։
Այսինքն՝ ջրամբարների ջուրը վերցնում, օգտագործում են, հետո ասում են՝ չենք օգտագործում. էս ի՞նչ խայտառակություն է։ Կարծում եմ՝ վարչապետին չեն էլ զեկուցել, որ հիմնական պատճառը հենց հէկ-երն են։ Հէկ-երի աշխատանքը պետք է դադարեցնել, դրանք Հայաստանի տնտեսությանը լուրջ օգուտ էլ չեն տալիս»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահն այս տարի ևս երաշտի վտանգ է տեսնում. «Կառավարությունն այսօր երաշխավորում է, որ ջրի պակաս չի լինելու, իսկ մենք համոզված ենք, որ լինելու է։ Ինչ վերաբերում է 40 խորքային հորերին, ապա ամեն խորքային հոր տարվա կտրվածքով կարող է ոռոգել 30-35 հա տարածք, ոչ ավելին։ Ասենք թե՝ այդ 40 խորքային հորը դրեցինք, 1000 հա ոռոգեցինք, ինչու Արարատյան դաշտը 1000 հա՞ է։
Մենք ունենք ջրամբարներ, և խնդիր չենք ունենա, եթե դրանք լիքը լինեն։ Ո՞վ պետք է պատասխան տա, երբ գյուղացին վարուցանք անի, և բերքը չորանա։ Բազմիցս ասել ենք, որ հարկավոր է բնագավառը հագեցնել մասնագետներով, բայց սայլը տեղից չի շարժվում։ Չի կարելի անփորձ մարդկանց վստահել թանկարժեք մեքենայի ղեկը։ Ճիշտ հասկացեք, եթե գյուղացին ցանի ցորեն, կարտոֆիլ, կաղամբ, և այդ բերքը չորանա, որն այդ ընտանիքի հույսն է, արդյո՞ք պայթյունավտանգ իրավիճակ չի ստեղծվում։
Միայն 4000 հա կարտոֆիլ է ցանվում Շիրակի գոտում, 10 հազար հա-ից ավելի հացահատիկ է ցանվում, և, եթե ջուր չեղավ, ապա գյուղերը ճանապարհները փակելու են, մարդասպանություն է լինելու»։
Բերբերյանը պնդում է՝ ջրատարները պետք է մաքրվեին, ջրամբարները լցվեին, ինչը չի արվել։ Արսեն Հարությունյանն այս խնդրի հետ կապված՝ ասել էր, որ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը կմեկնարկի մայիս-հունիս ամիսներին․ «99 համայնքում ոռոգման համակարգի արդիականացում կիրականացվի, շահառուների ընդհանուր քանակը՝ 150 հազար մարդ, բյուջեի վարկային միջոցները՝ 50 մլն դոլար»
Սակայն, ըստ Բերբերյանի՝ այդ աշխատանքները վաղուց պետք է արվեին. «Ոնց որ նախորդ տարի մայիս-հունիս ամիսներին պարարտանյութի հարցն էին քննարկում, հիմա էլ այս տարի ոռոգման սեզոնը սկսվել է, նոր այդ հարցն են քննարկում»։