Բաժիններ՝

«Մեր ջուրը տալիս ենք թուրքերին, իսկ մեր երկրում երաշտի վտանգ կա». Հրաչ Բերբերյան

«Այսօր ոռոգման լուրջ խնդիրներ ունենք։ Երեկ Էջմիածնում էինք, այնտեղ ոռոգման սեզոնն արդեն սկսվել է, բայց ոռոգման համակարգը թերի է աշխատում։ Խոստացել են, որ ապրիլի 1-ից պետք է ջուրը տան, ինչն աբսուրդ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսական տարին 1 ամիս շուտ է սկսվել, գյուղացին վարուցանքն արել է, և նույնիսկ խորքային հորերը չեն գործում. «Մենք բացասական ենք գնահատում ոռոգման համակարգի աշխատանքը, որը գյուղացուն համահունչ չի աշխատում։ Այսօր գյուղացիները լուրջ վնասներ են կրում»։

Բերբերյանի կարծիքով՝ խնդրի լուծումը կլինի այն, որ ոռոգման համակարգն Էներգետիկայի նախարարության փոխարեն՝ տրվի Գյուղնախարարությանը. «Ջրամբարները, ոռոգման ցանցը ստեղծվել է գյուղացու համար, ոչ թե հէկ-երի։ Օրինակ, Արփա լճի մակերևույթը նվազել է, այնտեղ ունենք 2 կղզի, որոնք չվող թռչունների ձվադրավայր են, բայց այսօր թերակղզի են դարձել։ Փոխանակ Արփա լիճը լցնեն, ջուրն այնտեղից բաց են թողնում Ախուրյան ջրամբար, որ այդ գծի վրայի 5 հէկ-ն աշխատեն։ Փոխանակ Արփա լիճը լցնենք, Ախուրյանի ֆերմերներին ապահովենք ջրով, մեր ջուրը տալիս ենք թուրքերին։ Ընդհանրապես, մենք գտնում ենք, որ հէկ-երը պետք է ոռոգման համակարգից հեռու լինեն»։

Նրա խոսքով՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի խնդիր այս տարի անպայման կլինի. «Եթե ապրիլ ամսին անձրևներ լինեն, ջրամբարները կլցվեն, եթե՝ ոչ, ապա երաշտի վտանգն այսօր առկա է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս