«Ոռոգման ջրի սակագինը պետք է բարձրանա»․ Արսեն Հարությունյան
«2018թ․ հունիսի 30-ին կավարտենք ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը, որով նախատեսված է 30 մլն դոլարի չափով ներդրում, 7,5 մլն դոլարի չափով համաֆինանսավորումներ։ Գումարից տնտեսվել է 1,5 մլն դոլարի չափով գումար, որն ուղղվել է Մեղրիում մեկ այլ ծրագրի։ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է․ 30 մլն-ը վարկ է, 7,5 մլն-ը՝ համաֆինանսավորում»,- այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ հանրապետությունում մոտ 200 հազար հա ոռոգելի տարածք կա․ «Հիմա ոռոգվում է հանրապետության տարածքի 50 տոկոսը»։
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, ըստ նրա՝ կմեկնարկի մայիս-հունիս ամիսներին․ «99 համայնքում ոռոգման համակարգի արդիականացում կիրականացվի, շահառուների ընդհանուր քանակը՝ 150 հազար մարդ, բյուջեի վարկային միջոցները՝ 50 մլն դոլար»
Հարությունյանի խոսքով՝ Արարատյան դաշտում 24 հազար հա հողատարածք չի օգտագործվում, թեպետ ոռոգման ջուր կա։
Ինչ վերաբերում է ջրի սակագնին, նա ասաց, որ սակագինը պետք է փոխվի՝ բարձրանա, որովհետև 12-13 տարի այդ սակագինն անփոփոխ է․ «Լավագույն տարբերակը հարցի լուծման՝ կաթիլային համակարգին անցնելն է»։