«Հայաստանն այն երկիրը չէ, որի համար արժե կռվել». Ալեքսանդր Իսկանդարյան
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ավելի սրման ականատեսն ենք։ Մենք մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ եթե նախկինում հույս կար, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են, օրինակ՝ Ուկրաինայի հարցում համաձայնության գալ, նրանց հարաբերությունները կարող էին կարգավորվել, ապա այժմ նման հույսեր չկան. «Առաջիկայում այդ հարաբերությունները չեն փոխվի, կան պատժամիջոցներ, որոնք կխորանան։ Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող ասել, թե այդ պատժամիջոցներն ինչպես կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա, բայց որ կազդեն, անկասկած է»։
Իսկանդարյանը նկատեց՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը մեծ ազդեցություն չի ունենա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա դեռևս չի տեսնում քաղաքական բարդություններ, որոնք կապված լինեն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ.
«Դեռևս երկու կողմի հետ էլ Հայաստանին հաջողվում է համագործակցել և չմասնակցել այդ հակամարտությանը, ինչը ճիշտ է։ Հայաստանն այն երկիրը չէ, որի համար արժե կռվել, ինչպես, օրինակ՝ դա եղավ Ուկրաինայի դեպքում։ Բայց դա կարող է փոխվել, եթե համակարտությունը հասնի շատ մեծ չափերի։ Ինչ վերաբերում է Հայաստանի վրա տնտեսական ազդեցությանը, ապա ես նման ազդեցություն դեռևս չեմ տեսնում։ Իրավիճակը շատ անհանգիստ է, և պետք է կարողանալ այս իրավիճակում գոյատևել»։
Նա հիշեցրեց, որ երկար տարիներ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանել. «Հայաստանից բացի, այլ պետություն չգիտեմ, որն իրեն թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, որ մենք ունենք Իրանի հետ՝ պահպանելով հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ մենք նման փորձ ունենք։ Դա հույս է տալիս, որ հետագայում էլ կհաջողենք»։
Խոսելով սիրիական հակամարտության ներկա փուլի մասին՝ նա ասաց, որ քիմիական զենքի ավելի ծանր տեսակներ նախկինում էլ են կիրառվել Սիրիայում, դա նորություն չէ.
«Այս անգամ քլոր է կիրառվել, որն այդքան էլ ծանր չէ, այսինքն՝ հարցն այն է, թե ինչ ու ինչ եղականով են Սիրիայում կիրառում հակամարտող ուժերը․ նրանք շատ բան են կիրառում։
Այստեղ հարցն այն հակամարտությունն է, որն այնտեղ կա։ Իրանի և Ռուսաստանի օգնությամբ Ասադին հաջողվել է քիչ թե շատ կառավարել իրավիճակը Սիրիայում։ Ասադը չի պատրաստվում որևէ մեկի հետ կիսել իշխանությունը։ Ինչ վերաբերում է ամերիկյան ռեակցիային, ապա Սիրիայում ռեալ իրավիճակ փոխելու համար պետք է իրաքյան պատերազմի նման պատերազմ․ պետք է Սիրիայի տարածք մտնել, այնտեղ պետք է մտնեն ցամաքային ուժեր, միայն օդային ուժերը բավարար չեն։
Սիրիայի ներսում Ասադին լուրջ դիմադրողներ չկան, իսկ իրաքյան պատերազմի նման պատերազմի այս պահին ԱՄՆ-ը պատրաստ չէ, թեպետ կոշտ հայտարարություններ է անում։ Միևնույն ժամանակ, ինչ-որ բան պետք է արվի, և կարող են լինել օդային հարվածներ, որոնք հիմա էլ են լինում»։