Բաժիններ՝

Հայաստանը կհյուրընկալի ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների

Այսօր տեղի ունեցավ «Թվային գարունը Հայաստանում» («Digital spring in Armenia») խորագրով մամուլի ասուլիսը, որ նվիրված էր ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական Blockchain Ֆորում» ( «Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովին։

Ասուլիսին մասնակցում էին բանախոսներ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ECOS-ի կառավարման գործընկեր Իլյա Գոլդբերգը, և «Armenian Blockchain Forum»-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան:

Հայկական Բլոկչեյն համաժողովը առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական հարթակ է, որի նպատակն է Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ նախագծի շուրջ հաջողվել է հավաքել ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետներին:

Հայկական Բլոկչեյն համաժողովը բաղկացած է երեք բաժիններից, որտեղ տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյն տեխնոլոգիայի ապագային, ազդեցությանը՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO նախագծերի վրա:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան 12 կրթական դասընթացներ, վարպետության դասեր՝ նախատեսված ուսանողների և գործարարների համար, ովքեր սկսել են հետաքրքրվել բլոկչեյնյան տեխնոլոգիաներով:

«Armenian Blockchain Forum»-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան իր խոսքում նկատեց՝ արդեն մի քանի օր անցկացնելով Հայաստանում, ակնհայտ երևում է՝ ներդումային դաշտը ոլորտի համար շատ բարենպաստ է:

Համաժողովի շրջանակներում առաջին անգամ ընկերությունների համար Երևանում կանցկացվի Roadshow ICO, որին արդեն իսկ իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր՝ աշխարհի 20 երկրներից, այդ թվում՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնկոնգ և այլն:

Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ  դոլարը:

Ասուլիսի բանախոս, ECOS-ի կառավարման գործընկեր Իլյա Գոլդբերգը նշեց, որ 15 լավագույն ստարտափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողների առջև:

Առավելագույն բիզնես արդյունք ապահովելու նպատակով՝ ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցելու VIP հյուրերի և ներդրողների փակ երեկույթին:

Տեղեկացնենք, որ Հայաստանում առաջին Հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը («Armenian Blockchain Forum») տեղի կունենա ապրիլի 22-ին, Երևանում, որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ՝ աշխարհի 20 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս