Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառման արդյունքների մասին, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկայացվել են նաև համակարգի կիրառման հետ կապված տարբեր առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը: