«Կավիճով գծելու ենք, կիսենք հրապարակը»

Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով միանգամից 3 տարբեր ուժեր նախատեսում են հաջորդ շաբաթվանից գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում միջոցառումներ իրականացնել: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծանուցումը՝ Ազատության հրապարակում ապրիլի 13-17-ն անընդմեջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծանուցումը՝ ապրիլի 9-11-ին ու 17-21-ը, և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հայտը՝ ապրիլի 2-20-ը հանրահավաքներ և երթեր իրականացնելու մասին։

Թե ինչպե՞ս են համատեղելու այս ուժերը նույն օրերին հրապարակում միջոցառումներ իրականացնելը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում կատակեց. «Կավիճով գծելու ենք, կիսենք հրապարակը»։

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին «Երկիր Ծիրանիից» որևէ տեղեկություն չունի, իսկ ՔՊ-ի հետ բանակցում է իր գործընկեր Պետրոս Մակեյանը։ Նրա խոսքով՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության հետ բոլոր տեսակի գործակցություն կա, միասին քննարկում են իրականացում, համաձայնեցնում միմյանց գործողություններ, նաև միասնական գործողություններ են նախատեսվում։

Ա. Մարտիրոսյանի կարծիքով, նույն նպատակի շուրջ ուժերի միավորումը հաջողության գրավականն է. «Ի սկզբանե հայտարարել ենք, «Ժառանգության» մոտեցումը միշտ է եղել, որ միասնական գործողություններ է պետք իրականացնել, և այդ ուղղությամբ էլ «Ժառանգությունը» միշտ աշխատել է, այդ սկզբունքային մոտեցումը հիմա էլ է շարունակվում։ «Հանուն Հայաստան պետության» ճակատն էլ է ասել, որ միասնական գործողությունների անհրաժեշտություն կա, և ակնհայտ է դա բոլորի համար, որովհետև հասարակությունը հենց դա է պահանջում և այդ դեպքում կարող է ակտիվ մասնակցել պրոցեսներին։

Ինչ վերաբերում է այլոց, իրենց փոխարեն՝ չեմ կարող պատասխանել։ Համենայն դեպս, «Ժառանգությունը» բոլոր ջանքերը գործադրել է միասնություն ապահովելու համար և այդ իսկ պատճառով առանձին գործողություններ չարեց, իր աջակցությունը հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատին և «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը։ Մնացածն արդեն մեզանից չէ կախված»։

«Հաջողության հասնելու համար հարկավոր է միասնականություն և հետևողական պայքար»,- հավելեց Ա.Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս