
Հայաստանի ռուսական ռազմակայանի ՀՕՊ-ի համալիրները դիմագրավել են պայմանական հակառակորդի գրոհները

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորային հակաօդային պաշտպանության Բուկ-Մ1-2, Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրների եւ Իգլա-1 շարժական զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները ստուգողական պարապմունքների ընթացքում դիմագրավել են պայմանական հակառակորդի ուսումնական հրթիռային գրոհները եւ անօդաչու ավիահետախուզումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, երեք օրվա ընթացքում զինծառայողները կատարել են պետական սահմանի եւ պայմանական հակառակորդի օդային տարբեր թիրախների հարվածներից ռուսական զորամիավորման օբյեկտների պաշտպանության ուսումնական առաջադրանքներ:
Նաեւ զորային ՀՕՊ-ի ստորաբաժանումները օդերեւութաբանական բարդ պայմաններում եւ օրվա գիշերային ժամերին փորձարկել են պայմանական հակառակորդի օդային տարբեր թիրախների հայտնաբերումը, ուղեկցումը եւ ոչնչացումը «Բուկ», «Ստրելա» եւ «Իգլա» զենիթահրթիռային համալիրներից կատարված էլեկտրոնային արձակումներով: Կատարելով ստուգարքային վարժանքներ՝ զենիթայինները 10-ական էլեկտրոնային արձակումներ են իրականացրել պայմանական հակառակորդի օդային թիրախների վրա, որոնք, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերով տեղանքի հետախուզում էին իրականացնում «Կամխուդ» զորափորձարանի երկնքում:
Մարտական պատրաստության ստուգողական պարապմունքներին մասնակցել են 200-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նմանակման խումբը՝ կործանիչ, բանակային ու անօդաչու ավիացիան: