
ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները կարող են հռչակագիր ընդունել միջուկազերծման մասին. Kyodo

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպմանը, որն ապրիլի 27-ին տեղի է ունենալու ապառազմականացված գոտու Փհանմունջոմ սահմանամերձ վայրում, կարող է հռչակագիր ընդունվել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ:
Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի աշխատակցին: «Հռչակագրի ընդունումը բնական քայլ կլիներ,-ասել է նա:- Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կլինի հենց միջուկազերծման հարցը»: Կորեայի Հյուսիսը եւ Հարավը 1992 թվականին արդեն ընդունել են նման փաստաթուղթ, որը միջուկային զենքի արտադրության եւ դրան տիրելու արգելք էր սահմանում:
Սակայն ԿԺԴՀ-ն հետագայում հրաժարվեց այդ պարտավորությունից: Միեւնույն ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզիպինի հետ վերջերս Պեկինում կայացած հանդիպմանը Կիմ Չեն Ընը, չինական կողմի հաղորդման համաձայն, փուլային միջուկազերծման պատրաստակամություն է հայտնել պայմանով, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան կհրաժարվեն թշնամական քաղաքականությունից եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլեր կձեռնարկեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: