Երաժիշտ Չեխը, որսորդ Իբրահիմովիչը և այլ ֆուտբոլիստներ՝ ոչ սովորական հոբբիներով
Ֆիլիպե Լուիս
Հոբբի – Ֆիլմերի հավաքածու
Իսպանական «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը պատմել է, որ ինքը շատ է սիրում ֆիլմեր և իր հավաքածուում ունի արդեն 2000-ից ավելի ֆիլմ:
«Որոշ ֆիլմեր ձեռք բերելու համար ես ստիպված էի անել խելագար քայլեր: Ինձ դուր է գալիս կինոն, բայց դրան զուգահեռ ես այլ բաներ էլ եմ ուսումնասիրում: Օրինակ՝ ես սիրում եմ գիտությունը: Ֆուտբոլիստները հիմա խելացի մարդիկ են, ովքեր իրենց գումարները չեն ծախսում միայն թանկարժեք մեքենաների վրա»,- նշել է Լուիսը:
Պետեր Չեխ
Հոբբի – սովորել լեզուներ և նվագել հարվածային գործիքների վրա
Չեխը շատ է սիրում նվագել հարվածային գործիքների վրա: Այնքան, որ անգամ ստեղծել է իր ռոք բենդը:
Դարպասապահը հպարտանում է նաև նրանով, որ սիրում է սովորել շատ լեզուներ:
«Ես խոստովանում եմ, որ խենթանում եմ նոր լեզուներ սովորելու համար: Ես ոչ մի երկրում լեզվական խնդիրներ չեմ ունենում: Ամենակարևորն այն է, որ ես չեմ վախենում ինչ-որ բաներ սխալ ասելուց: Ավելի լավ է սխալվել, որովհետև մարդիկ քեզ կուղղեն, բայց կհասկանան, որ դու ուզում ես շփվել: Ես 100 տոկոսով գիտեմ միայն երկու լեզու՝ անգլերենն ու ֆրանսերենը: Երկու առաջնությունները, որտեղ ես խաղացել եմ, ստիպել են ինձ շատ լավ սովորել այդ լեզուները:
Դպրոցում ես սովորել եմ գերմաներեն, վերջին երկու տարում սովորում եմ իսպաներեն: Իհարկե, գիտեմ նաև սլովեներեն, մի փոքր ռուսերեն, պորտուգալերեն, իտալերեն և մի քանի արտահայտություն ճապոներեն»:
Մանուել Ալմունյա
Հոբբի – Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը
Լոնդոնի «Արսենալի» նախկին դարպասապահին հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կապված է Երկրորդ համաշխարհայինի պատմության հետ: Ալմունյան ոչ միայն դիտում է այս թեմայով բոլոր ֆիլմերը, այլև իր աղջկա հետ այցելում է այն վայրերը, որտեղ տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Անդրես Ինիեստա
Հոբբի – գինեգործություն
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան ոչ միայն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, այլև հայտնի գինեգործ: Գինեգործությունը Ինիեստայի համար դարձել է ոչ միայն հոբբի, այլև աշխատանք: Մի քանի տարի առաջ Ինիեստան 10 միլիոն դոլար ներդրեց իր հայրենի քաղաքի՝ Ֆուենտեալբիլիայի խաղողի այգիներում և սկսեց գինու արտադրություն:
Իր բիզնեսին Ինիեստան վերաբերվում է այնքան լուրջ, որքան ֆուտբոլին: Ամեն տարի արտադրվում են 700 հազար շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի: Բրենդը կոչվում է Bodega Iniesta: Գինու տեսակներից մեկը կոչվել է Ինիեստայի աղջկա՝ Վալերիայի անունվ: Գինիները վաճառվում են ոչ միայն Իսպանիայում, այլև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Թեո Ուոլքոթ
Հոբբի – մանկական գրականություն
Ոուլքոթը, թերևս, ֆուտբոլիստի համար ամենաանսովոր հոբբին ունի: Նա ժամանակին հավաքում էր մանկական գրքեր, իսկ հիմա ինքն է մանկական գրքերի հեղինակ: Նա ունի 4 գիրք, որոնք պատմում են փոքրիկ տղայի՝ Թի Ջեի մասին: Այս փոքրիկ հերոսը շատ է սիրում ֆուտբոլ:
Ոուլքոթի բոլոր գրքերը հավանության են արժանացել փոքրիկների և նրանց ծնողների կողմից:
Գատուզո
Հոբբի – ձկնաբուծություն
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոն փոքր տարիքից շատ է սիրել ձուկ և միշտ ցանկացել է աշխատել ձկան խանութում: Տարիները անցնում էին, իսկ Գատուզոն չէր մոռանոմ իր երազանքի մասին՝ դարձնելով իր հոբբին աշխատանք:
2010 թվականին Գատուզոն գնեց ձկան խանութ Իտալիայի հարավում և անվանեց այն «Գատուզոն և Բյանկին»: Գատուզոյի գործընկերը դարձավ նրա ընկեր Անդրեա Բյանկին:
Զլատան Իբրահիմովիչ
Հոբբի – ձկնորսություն և որսորդություն
Առաջին հայացքից այս հոբբիում չկա ոչ մի արտասովոր բան, բացի մի բանից. Զլատանը ձեռք է բերել մի ամբողջ կղզի Մալերանում, որպեսզի այնտեղ զբաղվի որսորդությամբ և ձկնորսությամբ: Այդ կղզին՝ Դավենոսը, շվեդիայում երրորդ ամենամեծ կղզին է:
Սիրարփի Աղաբաբյան