Բաժիններ՝

Հոգևորականն ու ազգագրագետը՝ Զատկի տոնի խորհուրդների և այն նշելու մասին

Հայ ժողովուրդը պատրաստվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշելուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ Զատկի տոնն իր մեջ մի քանի խորհուրդ ունի։

«Զատիկն իր մեջ մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության իմաստն է կրում և, սա կենսակերպի մեծագույն խորհուրդն է։ Հարությունը պարզ իրադարձություն չէ, այլ ուղղված է հատկապես մարդու կյանքի հավիտենականացմանը, սակայն այդ հավիտենականությունից են բխում նաև մեր գործողությունները, կենսակերպը, ապրած կյանքը։ Հարությունը նաև հաղթանակի խորհուրդ ունի՝ հաղթանակ մեղքի և մահվան հանդեպ: Այն մարդուն մեծագույն հույս է տալիս, երբ ընդհանրապես առերեսվում է մահվան հետ՝ հասկանալու, որ ինքը կոչված է, ծնված է ոչ թե ոչնչանալու, այլ ապրելու և կյանքի համար։ Ըստ էության հարությունը դառնում է կյանքի խորհուրդ»,- ասաց Բագրատ Սրբազանը և հավելեց, որ Զատիկը մեղքից և չարիքից զատումն է, որը որպես մարտահրավեր մարդու կյանքում տեղ է գտնում։

Ժողովուրդը Զատկի տոնը նշելու բազմաթիվ ավանդույթներ է ստեղծել, դրանք զարգացրել և փորձել տեսնել Զատկի ուղղակի գործնական արտահայտությունն առօրյա կյանքում։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսն առաջին անգամ հնչում է Սուրբ Հարությանը նախորդող ճրագալույցի գիշերը, և մարդիկ լույսը տանելով իրենց տները՝ սկսում են տոնակատարությունը։ «Մարդիկ ավետիսներ են երգում, Զատկի ճրագալույցին մոմերն են վառում, սակայն ժամանակին մարդիկ տները չեն լուսավորել և սպասել են, որպեսզի եկեղեցուց լույսը տանեն տուն և այդպիսով իրենց լուսավորությունն ապահովեն»,- ընդգծեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Խոսելով Սուրբ Զատկի սեղանին դրվող ուտեստների մասին՝ Սրբազանը կարևորեց հավկիթ ներկելը, ինչը Հիսուսի թափված արյունն է խորհրդանշում։

Սեղանի ուտեստների խորհրդի մասին խոսեց նաև նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին։ «Սուրբ Զատկի տոնին շատ խորհրդանշական է ձու ներկելը, գաթա թխելը, կանաչի տապակելը։ Գաթան թխելը արևի հետ է կապված, իսկ վրայի նախշերը՝ բնության զարթոնքի հետ։ Սեղանին դրված կանաչին խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը, կենաց ծառը կարմիր ժապավեններով զարդարելը խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը: Զատկի սեղանն այլ տարբեր խորհուրդներ է կրում իր մեջ»,- ասաց Ագուլեցին։

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 1-ին։ «Զատիկ» նշանակում է զատում, հեռացում, բաժանում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, և դա համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս