Մոդել Աննա Դեմիրխանյանը՝ իր ընտանեկան կյանքի և դստեր դաստիարակության մասին
«Միսիս Եվրոպա 2016»-ի «վիցե միսիս» Աննա Դեմիրխանյանն իրեն երջանիկ կին է համարում: Նա ունի ձեռքբերումներ եւ կարիերայում, եւ ընտանիքում: Ըստ նրա` իր ամենամեծ ձեռքբերումն իր ընտանիքն է: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում «վիցե միսիսը» պատմում է իր ընտանեկան կյանքի, առօրյայի եւ դստեր դաստիարակության մասին: Աննա Դեմիրխանյանը նկարահանվել է «Արմենպրես»-ի գարնանային ֆոտոշարքում:
«Մեր օրը սկսվում է առավոտյան ժամը 7:00-ին: Աղջկաս տանում եմ դպրոց, որից հետո նրա հետ զբոսնելով տուն ենք գնում: Տանը՝ ճաշից հետո, անցնում ենք դասերին, հետո՝ խաղում իրար հետ: Լինում են օրեր, որ նրան տանում եմ ինձ հետ նկարահանումների, նորաձեւության ցուցադրությունների եւ այլն: Մի փոքր դժվար է երեխայի հետ աշխատանքի գնալ, քանի որ այդ ժամանակ ուշադրությունդ ե՛ւ երեխան է, ե՛ւ աշխատանքը»,- ասաց Աննան:
Մոդելը նշեց, որ Ինգան՝ դուստրը, նրբանկատ երեխա է եւ երբեմն իր պահանջներում զուսպ: «Միշտ հարցնում է` մամ ունե՞ս գումար, կարո՞ղ ես սա ինձ համար գնել: Միշտ փորձել եմ այնպես անել, որ նա ոչ մի բանի պահանջ չունենա: Ինգան միշտ ուշադրության կենտրոնում է թե՛ իր պապիկների, տատիկների, թե՛ իմ ընկերների կողմից: Եվ իրեն դա դուր է գալիս: Ինգան բնավորությամբ նման է ե՛ւ ինձ, ե՛ւ իր հայրիկին: Իսկ իրականում ինչպես ինքն է ասում.«ես՝ ինձ եմ նման»:
Խոսելով Ինգայի երազանքներից` մայրիկն ասաց, որ Ինգան ցանկանում է նկարչուհի դառնալ: «Ավելի փոքր տարիքից սիրում է նկարել: Նա հիմա հաճախում է նկարչական դասընթացի: Չեմ ընդունում այն մայրերին, որոնք որոշում են իրենց երեխաների ապագան: Հատկապես, իմ ոլորտի մոդելներն իրենց երեխաններին փոքրուց տարբեր նախագծերում են նկարում, նորաձեւության ցուցադրությունների են ուղարկում եւ այլն: Ես Ինգայի կամքից անկախ, նման բան չեմ անի: Եթե հրավեր ենք ստանում միասին նկարահանվելու, հարցնում եմ նրան: Եթե չցանկանա, ապա չի նկարահանվի: Ստիպողաբար ոչինչ չեմ անում»,- նշեց նա:
Աննայի եւ իր դստեր առօրյա քննարկումը, հիմնականում, մուլտերից են կամ մանկական ֆիլմերից: «Երբ մի նոր մուլտ է դիտում, ինձ պատմում է, թե ինչի մասին էր: Եթե հարցեր է առաջանում իր մոտ, անպայման փորձում է պատասխաններն ինձանից իմանալ: Սիրում է ուսուցանող մուլտեր դիտել»,- պատմեց մոդելը:
Աննան խոստովանեց, որ իրեն երջանկացնելու համար շատ բան պետք չէ: «Ես կարող եմ ամեն փոքր բանից էլ ուրախանալ: Ինձ համար կարեւոր է, որ իմ ընտանիքի անդամներն առողջ լինեն: Ես սիրում եմ, երբ տանն ամեն ինչ կարգին է ու կոկիկ: Երջանկության համար պետք է ընկերներս կողքիս լինեն, ես էլ՝ ընկերներիս: Ինձ լավ եմ զգում, երբ ինչ-որ մեկին կարողանում եմ ինչ-որ հարցում օգնել: Վերջապես, ամենագլխավոր երջանկության գրավականը, երբ սիրում ես ու սիրված ես»,- նշեց նա:
Աննան բնույթով պահանջկոտ է ե՛ւ իր նկատմամբ, ե՛ւ իր դիմացինի: Նրա խոսքով` միշտ փորձում է ավելիին հասնել: «Կյանքում մարդ չի բավարարվում իր ունեցածով: Շատերը կարող են ասել, որ Աննան Հայաստանում լավագույն մոդելներից է եւ պահանջված, բայց միանշանակ այդպես չէ: Մենք միշտ էլ տեղ ունենք աճելու եւ նորը սովորելու: Ինչ-որ չափով ինձ համարում եմ հաջողակ, քանի որ այն, ինչի հասել եմ իմ ուժերի ներածին չափով է: Ինձ հենց այնպես ոչինչ չի տրվել: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել: Հիմա էլ ունեմ մի քանի նպատակներ, որոնք ուզում եմ իրագործել: Դրանցից մեկը մոդելային դպրոց բացելն է եւ նոր սերնդին իմ փորձը փոխանցելը: Ես համարում եմ, որ արդեն Հայաստանում սպառել եմ եւ նոր բան չունեմ անելու: Փոխարենը կարող եմ սկսնակներին օգնել եւ պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել»,- ավելացրեց նա:
Կյանքում Աննայի մեծ ձեռքբերումը մայր լինելն է: «Ես այնպիսի մայրն եմ, որ աղջիկս հպարտանում է եւ ուզում է նմանվել ինձ: Դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,- եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
Մելինե Տոնոյան
Դիմահարդարումը` Նատա Ամիրյանի
Վարսահարդարումը` Նաիրա Կիրակոսյանի
Զգեստները` Լիանա Թովմասյանի եւ taraz.am-ի