Հայաստանի կուրսանտների թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ օլիմպիադայի օտար լեզվի երկու մրցույթում
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 30-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային 4-րդ օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը, օլիմպիադայի մասնակից պետություններից ժամանած բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորելով բարձր արդյունքներ ցուցաբերելու համար` ելույթ ունեցողները վստահություն են հայտնել, որ օլիմպիադան ծառայել է իր նպատակին, և այն ոչ միայն գիտելիքների ստուգատեսի յուրօրինակ մրցակցային հարթակ է կուրսանտների համար, այլև բարեկամ երկրների միջև կապերի ու համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման ևս մեկ միջոց:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի չորս օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը մրցել են երկու անվանակարգերում` ընդհանուր պատրաստություն և պրոֆիլային պատրաստություն: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ խրախուսվել են եզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից ընտրված լավագույնները: «Ընդհանուր պատրաստություն» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Ռուսաստանը, Հայաստանը և Ուզբեկստանը, իսկ «Պրոֆիլային պատրաստություն» անվանակարգում` Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը ներկայացնող կուրսանտները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին Հայաստանը ներկայացրել են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները: