Բաժիններ՝

Հայ խոհարարները միջազգային փառատոնից վերադարձել են հինգ մեդալներով

Դաղստանում անցկացված խոհարարական փառատոնից հայ խոհարարները վերադարձել են մեդալներով: Թե ինչո՞վ են նրանք զարմացրել միջազգային հեղինակավոր ժյուրիին և մրցույթի մասնակիցներին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատմեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, ինչպես նաև փառատոնին մասնակցած՝ Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Անտինյանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի անդամներ Յուրի Սարգսյանը և Էմիլ Դավթյանը:

Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փառատոնին հայ մասնակիցների ներկայությունը հնարավոր դարձավ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի ավագ խոհարների կորդինատոր Գրիգոր Անտինյանի սկբունքային որոշման արդյունքում. «Իրականում մեր ծավալած մյուս գործողությունների հետ միասին, մենք բազմիցս նշել ենք նաև, որ հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնելու մեծ խնդիր կա, որը, հաշվի առնելով մեր ունեցած հնարավորությունները, փորձում ենք ի կատար ածել:

Այնուամենայնիվ մենք պետք է աշխատենք՝ շատ ավելի դրսում ներկայանալի դառնանք, և շատ ուրախ եմ, որ հերթական այդօրինակ մասնակցությունն այս անգամ ամրագրվեց ոչ միայն՝ որպես հայաստանյան կողմի մասնակցություն, այլ նաև՝ նշանավորվեց հաղթանակներով՝ փառատոնի բոլոր անվանակարգերում նվաճելով մեդալներ: Անցել են այն ժամանակները, երբ մենք կարծում էինք, որ մասնակցությունն արդեն հաղթանակ է: Մենք մասնակցում ենք, աշխարհին ցույց ենք տալիս մեր խոհանոցի յուրահատկությունը և վերադառնում ենք հաղթանակներով»:

Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Անտինյանը, ով փառատոնի ընթացքում, որպես մրցավար՝ ներկայացնում էր Հայաստանը, անդրադառնալով փառատոնում ընդգրկված ժյուրիի անդամներին, նկատեց՝ հավաքվել էր ժյուրրի բարձրակարգ կազմ՝ փորձառու և աշխարհահռչակ վարպետ խոհարարների մասնակցությամբ: Խոսելով փառատոնում ներգրավված անվանակարգերին, հայկական պատվիրակության մասնակցությանն ու գրանցած արդյունքների մասին, նա նկատում է՝ հայկական կողմը փառատոնի մասնակցության ընթացքում գրանցեց հրաշալի արդյունքներ՝ նվաճելով միանգամից 5 մեդալ:

Փառատոնին մասնակցած հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի անդամ Յուրի Սարգսյանն անդրադառնալով մրցույթի պայմաններին՝ մանրամասնեց՝ մրցույթների կանոնադրությունը շատ խիստ էր, ժյուրին շատ ուշադիր էր.

«Կանոնադրությամբ սահմանված ժամանակը յուրաքանչյուր կերակուրի պատրաստման համար 45 րոպե էր, որի ընթացքում պետք է կարողանայինք պատրաստել ուտեստը, թանձրուկը և խավարտը: Մասնակիցների մեծամասնությանը չէր հաջողվում տեղավորվել ժամանակի մեջ: Բոլոր մասնակիցների համար տրամադրվում էր մթերքի նույն չափը, իսկ պատրաստվող կերակուրի համար սահմանված գրամները խախտելու դեպքում խոհարարի գնահատականն ընկնում էր: Պետք է նշեմ, որ կային շատ խոհարարներ, ովքեր փառատոնի ընթացքում որակազրկվեցին»:

Փառատոնին մասնակցած հայ խոհարարները նշում էին՝ միջոցառման անցկացման բոլոր օրերին ջերմ հարաբերություններ և ծանոթություններ հաստատեցին մասնակից երկրների իրենց կոլեգաների հետ: Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Անտինյանն էլ նկատեց՝ փառատոնի ընթացքում իրեն է մոտեցել ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկն ու առաջարկել պարզ մարդկային շփման միջոցով խոսել մասնագիտական թեմաների շուրջ, հայ կոլեգային խնդրելով, սակայն, շրջանցել հայկական ու ադրբեջանական խոհանոցներում առկա վիճելի կերակուրների թեման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս