«Այդ ռաունդը մենք կրվեցինք». Վովա Վարդանովը՝ ապրիլյան պատերազմի մասին

«Բնակչությանը պատերազմի հետ կապված հարցերում չպետք է ստել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի քաղած դասերի մասին:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հարցում հայերը մի քիչ սխալվում են. «Ռեալ պատերազմը դեռ չի ընդհատվել 1989 թվականից հետո, այդ ռաունդում, որը մենք սխալվելով՝ կոչում ենք ապրիլյան պատերազմ, ինձ թվում է՝ աչոկներն ավելի շատ թուրքերն են հավաքել, կամ՝ ժողովրդի լեզվով ասած՝ մենք մի քիչ ծեծվել ենք: Այդ ուժերը, որ թուրքն օգտագործել է այդ երկու հենակետը վերցնելու համար, մենք իրոք սարսափելի զոհեր կարող էինք ունենալ՝ հաշվի առնելով՝ ինչ քանակի զորք է օգտագործել: Նման քանակի զենքով ու սպառազինությունով կարելի էր խոցել 4-5 հազար մարդ, մեր բախտը մի քիչ բերել է, մի քիչ էլ տղաներն են դիրքերում իրենց հմուտ պահել: Արդյունքն այն էր, որ մեր կորուստներն այդքան մեծ չէին, բայց, ամեն դեպքում, այդ ռաունդը մենք կրվեցինք»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասաց, որ հենց այդ շրջանում հասարակության մեջ նորից արթնացավ բուռն հայրենասիրական ալիք. «Մենք տեսանք, որ համախմբում տեղի ունեցավ, կամավորական ջոկատները սկսեցին մեկնել: Այդ ժամանակ, դրանից հետո ինֆորմացիայի պակասը բերում էր բավականին լուրջ տագնապների, պանիկայի, որոնք, ի վերջո, հետագայում՝ պատերազմից հետո, թեքվեցին իշխանությունների դեմ, այն բանով, որ բանակում թալան կա, նորմալ վերահսկողություն չկա, և այլն: Ես մեզ պարտված չեմ համարում, նույնիսկ այդ երկու կորուստը, որ ունեցանք դիրքերի առումով, հոգեբանական տեսակետից՝ ժողովուրդն իրենց պարտված չզգաց, իմ մոտ տպավորություն չկա, որ մենք պարտվել ենք»:

Ս. Խուդոյանը գտնում է՝ ապրիլյան պատերազմն այն օգուտը տվեց, որ բանակի հարցում սթափվելու հիմք տվեց. «Ինչքանով ես ինֆորմացիա ունեմ, բազմապատիկ անգամ ավելի հզոր պաշտպանական համակարգ է տեղակայված սահմանում: Դրա շնորհիվ մի քիչ ավելի սթափ սկսեցին նայել այդ հարցերին: Կարծում եմ՝ պարտվածության զգացողություն հասարակության մոտ չկա: Դասերը բավական մեծ էին»:

Տեսանյութեր

Լրահոս