Արմեն Պետրոսյանը` Թրամփի` Սիրիայից հեռանալու հայտարարության մասին
Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունն արարողակարգային է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն շատ շուտով կհեռանա Սիրիայից:
«Չեմ կարծում, որ այս հայտարարությանը կհետևեն գործնական քայլեր: Իրականում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը երկու կարևոր խնդիր է լուծում` մարտավարական և ռազմավարական: Երկու տեսանկյունից էլ այդ խնդիրները դեռևս լուծված չեն, իսկ լուծման համար բավական տևական ժամանակ կպահանջվի: Մարտավարական տեսանկյունից դեռևս շարունակվող պայքարն է իսլամական ծայրահեղական խմբավորումների դեմ:
Եվ չնայած արձանագրված լուրջ հաջողություններին, այդուհանդերձ, դրանք շարունակում են դերակատարություն ունենալ Սիրիայում, Իրաքում, դեռ ակտիվանալու վտանգն առկա է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ սիրիական հակամարտությունը դեռևս հեռու է հանգուցալուծումից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է ռազմավարական խնդիրներին, ապա արաբագետը նշեց, որ դրանք պայմանավորված են աշխարհաքաղաքական մրցակցությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և, ինչու ոչ, Իրանի բավական լուրջ դերակատարությունը և ազդեցությունը Սիրիայի տարածքում: Այս իրողությունը ևս հաշվի առնելով, ըստ Արմեն Պետրոսյանի, դժվար է ակնկալել, որ ԱՄՆ-ն դուրս կգա, կլքի այդ տարածքները:
«Մյուս կողմից՝ Թրամփի հայտարարությունը կարելի է դիտարկել այն տրամաբանության մեջ, որ, ի վերջո, հակամարտության ավարտից հետո բոլոր արտաքին ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը: Ի դեպ, այս շեշտադրմամբ հայտարարություն միայն Թրամփը չի անում, դա արվում է նաև բոլոր հիմնական արտաքին դերակատարների կողմից: Բնականաբար, այստեղ ակնարկն ավելի շատ ուղղված է աշխարհաքաղաքական մրցակիցներին՝ առ այն, որ հակամարտությունը կարգավորելու համար արտաքին ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը»,-ասաց նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո Միացյալ Նահանգները կարող է հեռանալ Սիրիայից:
«Մենք պատրաստվում ենք շատ շուտով հեռանալ այնտեղից, վերադառնալ մեր երկիր, որին պատկանում ենք, որտեղ ցանկանում ենք լինել»,- ասել է նախագահը:
Հատկանշական է, որ Պենտագոնն էլ ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտության մասին: