Ռիչարդ Միլսի հայտարարությունը կարևոր ազդակ էր խնդիրները երկխոսության միջոցով լուծելու մասին. Շարմազանովը
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չի սատարում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբին և հարցերը բռնության միջոցով լուծելու կողմնակից մյուս ուժերին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ դա սպասելի հայտարարություն էր, քանի որ ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բան չէր կարող հայտարարել: «Դա կարևոր ազդակ էր, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, այլ ոչ թե բռնության միջոցով»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ անտրամաբանական էր ու անհասկանալի, երբ որոշ մարդիկ և լրատվամիջոցներ անմիջապես փորձում էին քաղաքական աստառ հաղորդել իրավական վճիռներին, ինչը օգուտ չի բերում ոչ Հայաստանին, ոչ էլ այդ մարդկանց: «Դեսպան Միլսի հայտարարությունը և «Սասնա ծռեր»-ին, և իրավական վճիռներին քաղաքական աստառ հաղորդելու փորձ անող մարդկանց վերաբերյալ շատ հստակ էր․ նման երևույթներն անընդունելի են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է Միլսը՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված այն մեկնաբանություններին, իբրև Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները աջակցում է «Սասնա ծռերին»: