Բաժիններ՝

Վայք քաղաքում ուժեղ քամին վնասներ է հասցրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի խճուղու թիվ 8 հասցեում գտնվող Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի տանիքի թիթեղյա ծածկի մոտ 120 քմ հատված և 250 գմ փայտյա կառուցատարրեր:

Ըստ ականատեսների` պոկված թիթեղյա ծածկն ընկել է դատարանի մոտ կայանած BMW մակնիշի 34 ZD 719 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, կոտրել ձախակողմյան հայելին և ավտոմեքենայի տարբեր հատվածներում առաջացրել քերծվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիթեղյա ծածկը տեղի ուժերով հեռացվել է ավտոմեքենայի վրայից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, տեղազննման արդյունքում պարզվել է, որ քամուց վնասվել է Ջերմուկի խճուղում գտնվող թիվ 8/3 տան տանիքի ասբոշիֆերների մոտ 30 քմ հատված, իսկ 8 քմ հատվածը թուլացել և կախվել է, ձևախախտվել են թիվ 10ա հասցեում գտնվող «Վայք» տուրիզմի կենտրոնի օդորակիչը և ալեհավաքը, պոկվել է հեռախոսագծերի սպասարկման կայանը սնուցող կապի հանգույցի 10000 Վ հզորությամբ մալուխը, պոկվել են թիվ 6 հասցեում գտնվող առևտրի սրահի հովածածկը (մոտ 6 քմ) և տանիքի ասբոշիֆերների մոտ 15 քմ հատված, թիվ 4/3 հասցեում գտնվող շինության տանիքի ասբոշիֆերների մոտ 18 քմ հատված, Շահումյան փողոցի թիվ 1/1, 2 և 3 հասցեներում գտնվող առևտրի սրահների ընդհանուր տանիքի ասբոշիֆերների մոտ 60 քմ հատված, թուլացել և կախվել են Շահումյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 13 քմ), թիվ 6 շենքի տանիքի թիթեղյա ծածկի մոտ 18 քմ հատված և Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքի թիթեղյա ծածկի մոտ 12 քմ հատված:

Փրկարարներն ապամոնտաժել են Ջերմուկի խճուղու՝ Մ. Հ.-ին պատկանող թիվ 8/3 տան տանիքից կախված մոտ 8 քմ ասբոշիֆերը:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Ս. Հ.-ն և Վայքի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գ. Մ.-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս