Բաժիններ՝

Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են գինեգործության զարգացման ուղիները

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին, Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանին ու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից, Լևոն Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Արցախ այցելելու համար. «Արցախի Խաղողագործների և գինեգործների միության հետ երկար էինք սպասում այս հանդիպմանը: Տեղյակ ենք, որ ձեր կազմակերպությունների միջոցով մի շարք միջոցառումներ են իրականացվել ու իրականացվում գինեգործության զարգացման համար: Գինեգործությունը ոչ միայն կոնկրետ ապրանքատեսակի զարգացում, այլև յուրահատուկ մշակույթ է: Վերջին շրջանում Արցախում ևս զարգանում է ոլորտը` մեկ տասնյակից ավելի գինեգործարաններին ավելացել են տնային պայմաններում գինի արտադրողները: ԱՀ Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է գինեգործության ոլորտը` սկսած այգեգործությունից, մինչև արտադրություն և վաճառք: Արդեն քայլեր ենք ձեռնարկում ՀՀ-ի հետ առարկայական միջոցառումներ, ծրագրեր իրականացնելու համար»:

Հանդիպմանը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ներկայացնելով հիմնադրամի գործառույթները, Հայաստանում գինեգործության ձեռքբերումներն ու ունեցած փորձը, նշել է կրթական ծրագրերի դերը այս ոլորտում. «2014թ-ից Հայաստանում գործում է Ի-Վի-Էն գինու ակադեմիան: Ակադեմիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձուսուցում անցնել արտերկրում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա: Մենք պատրաստ ենք աջակցել նաև Արցախի մասնագետներին` ծրագրի շրջանակներում ուղարկել արտասահման վերապատրաստվելու: Սա լավագույն միջոցն է ժամանակին համընթաց քայլելու և երկրում լավ մասնագետներ ունենալու համար»:

Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանն էլ կարևորել է տարածաշրջանում հայկական գինու ճանաչելիության հարցը. «Հայկական գինին շատ ավելի ընդունված ու գնահատված է, քան հարևան պետություններինը: Սակայն մարքեթինգի խնդիր կա: Պետք է աշխատել հայկական գինին որպես բրենդ ներկայացնելու վրա: Այս ոլորտի փորձը ցույց է տալիս, որ արտերկիր արտահանող գինին պետք է լավագույն որակի լինի, հայկական գինին էժանագին լինել չի կարող: Հայաստանը գովազդի խնդիր ունի: Հայերը չեն կարող վատ գինի արտադրել, որովհետև մենք պատվախնդիր ազգ ենք»:

Քննարկվել է նաև հայաստանյան գործընկերների հետ հետագա համագործակցության, արցախյան գինու արտահանման, խոշոր շուկաներում ճանաչելիության և հայկական գինու PR-ի հետ կապված այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա էր Արցախի խաղողագործների և գինեգործների միության նախագահ, արցախյան «Կատարո» գինու արտադրող Գրիգորի Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս