
Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Աշխարհի դասականները. Կովկաս- Հայաստան» համերգաշարը

Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ մարտի 28-ին բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նորաբաց աշխարհահռչակ այս ֆիլհամոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները հնարավորություն ունեցան ներկայացնելու հայկական մշակույթը:
Բացման համերգով հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացավ նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան: Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, ինչպես նաև «Գյուրջիև» անսամբլը: Ծրագիրը կեզրափակվի հեղինակավոր «Գեղարդ» երգչախմբի կատարումներով»: