
ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է բարձրացնել հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը

ՀՀ ոստիկանությունում մարտի 29-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության մարմինների իրականացրած գործունեությանն ու արձանագրված արդյունքներին: Վերլուծելով ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները և խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով առկա որոշ թերացումների վրա` ոստիկանության պետը հանձնարարեց գործուն միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ պայքարում հատկապես կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման ոլորտում ու հետևողականորեն կատարելագործել հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը:
Խորհրդակցության ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»: