«Շատ հավասարակշռված հայտարարություն էր». Արմեն Մարտիրոսյանը՝ Ռիչարդ Միլսի՝ «Սասնա Ծռերի» վերաբերյալ արած հայտարարության մասին
«Դիվանագիտական, նորմալ հայտարարություն էր, որևէ խնդիր չկա այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, որը վերաբերում է «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին:
Հիշեցնենք, որ դեսպանն անդրադարձել էր շրջանառվող լուրերին, թե ԱՄՆ-ը աջակցում է «Սասնա Ծռեր» խմբին՝ ասելով. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ պետական կազմավորումները, որպես օրենք, զինված պայքարին չեն աջակցում. «Այդ առումով ես կարծում եմ՝ առանձնապես որևէ խնդիր գոյություն չունի, և ամեն ինչ շատ հստակ է այդ առումով: Այն, որ ասում են՝ ինչ-որ մեսիջ կար, և այլն, նման բան չկա: Ինչ վերաբերում է նրան, որ, փաստորեն, աջակցություն չի հայտնում, այստեղ կարևոր է նաև երկրորդ հանգամանքը նշելը, որը չի նշվում, այն, որ ԱՄՆ-ը ընդհանրապես որևէ բռնի գործողության չի աջակցում, ոչ միայն «Սասնա Ծռերի» հետ կապված, այլև՝ ցանկացած խմբի:
Իսկ իշխանությունը ևս խումբ է և, որպես օրենք, իշխանությունը նույնպես բռնի գործողություններ Հայաստանում շատ է իրականացրել: Դրա համար շատ կարևոր է նաև հայտարարության երկրորդ հատվածին ուշադրություն դարձնելը:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ շատ հավասարակշռված հայտարարություն էր, և այն, ինչ փորձում են վերագրել տեղեկատվական առումով, իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ հայտարարությունը հավասարակշռված է եղել»:
Մեր դիտարկմանը, թե Ռ. Միլսը նշում է, որ իրենք չեն աջակցում այնպիսի խմբերին, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա սովորական ընթացակարգ է. «Մեզ նման երկրներում գործող իշխանություններն ընտրված են համարվում, թեև ակնհայտորեն հենց իրենք են բազմաթիվ խախտումների մասին խոսք հղել: Ձեր ասած հանգամանքն առկա է, գոյություն ունի, բայց միևույն ժամանակ՝ պետք է ընդունենք, որ դա ընդամենը դիվանագիտական բառապաշար է, և՝ ոչ ավելին»: