Բաժիններ՝

Ինչպե՞ս զարգացնել բետոնի արտադրությունը Գյումրիում

Հանրապետության տնտեսական զարգացումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի տարբեր շրջաններում արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, ինտենսիվ ապրանքափոխանակության իրականացումը: Մրցակցությունը տարբեր ձեռնարկությունների միջև կհանգեցնի նաև արտադրվող ապրանքի որակի բարձրացմանը և արտասահմանյան շուկա դուրս գալուն:

Մեր երկրում արտադրությունը զարգացնելու համար անհրաժեշտ է հիմնանորոգել, վերազինել և վերագործարկել դեռևս ԽՍՀՄ տարիներից պահպանված տարբեր ուղղվածության որոշ արտադրական ձեռնարկություններ:

Հանրապետության մի քանի շրջաններում ԽՍՀՄ տարիներին գործել են բետոնի արտադրության գործարաններ: Նախկին գործարաններից մի քանիսն այժմ պահպանվել են, սակայն դրանք հիմնանորոգելու, տեխնիկապես զինելու և վերագործարկելու նպատակով աշխատանքներ չեն իրականացվում:

Գյումրիում բետոնի արտադրության գործարան նախկինում գործել է Շարա-Տալյան փողոցի վրա:

Կարդացեք նաև

Բետոնի արտադրության համար անհրաժեշտ հումքը կազմում է ցեմենտը, ավազը և ջուրը: Գյումրիում նախկին բետոնի գործարանը վերագործարկելու դեպքում հնարավոր կլիներ բետոնե, երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունը հենց տեղում կազմակերպել, ինչը կնպաստեր ոչ միայն հանրապետության երկրորդ քաղաքում արտադրության զարգացմանը, այլև Գյումրին կարող էր արտադրված երկաթբետոնե կոնստրուկցիաները մատակարարել ՀՀ տարբեր շրջաններին, այդ թվում՝ Երևանին, որտեղ նոր բետոնե կոնստրուկցիաների գործարան կառուցելու անհրաժեշտություն այլևս չէր լինի:

Ինչպես հայտնի է, Գյումրու ավագանու նիստերից մեկի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սավել Բալասանյանը հայտարարել էր.

«ՎԶԵԲ-ի ծագրով Գյումրիում 100 հազար 500 նոր հենասյուներ են տեղադրվելու, ունենալու ենք 11.500 նոր լուսակետեր: Այս ծրագիրը երեք տարվա ընթացքում է իրականացվելու»:

Գյումրիում կտրուկ ավելանալու է բետոնի արտադրության պահանջարկը, որից կարելի է որակյալ հենասյուներ պատրաստել, եթե Գյումրուն տրամադրվող վարկային միջոցներով Երևանից պատրաստի մետաղական հենասյուներ չբերվեն:

Արտադրություն զարգացնելը, իհարկե, բարդ գործընթաց է, սակայն Գյումրիում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել հնարավոր է:

Ըստ Գյումրու զարգացման ծրագրի փոփոխված տարբերակի՝ Գյումրիում մշակող արդյունաբերության, հագուստի և արտադրության այլ ճյուղերի կողքին՝ առկա է նաև պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն:

Եթե արտադրության այս ճյուղը հիմնավոր կերպով զարգացվի, ապա հնարավոր է նաև Գյումրիում մետաղական հենասյուներ արտադրել, որոնք բետոնե հենասյուներից ավելի որակով են:

Մյուս կողմից՝ մետաղական հենասյուների արտադրությունն ավելի թանկ գործընթաց է, ուստի, այս պարագայում, բետոնե հենասյուների արտադրության կազմակերպումն ավելի իրատեսական է:

Գյումրիում քիչ չեն փտած հենասյուները, որոնց վրա էլեկտրական լարեր են անցկացված, և բետոնե հենասյուների արտադրության կազմակերպման դեպքում հնարավոր է հիմնովին փոխել փտած հենասյուները, որոնց վրա էլեկտրական լարեր ամրացնելուց բացի՝ հնարավոր է նաև գիշերային լուսավորության լամպեր տեղադրել:

Նաև նշենք, որ վերը նշված հենասյուները նորերով փոխարինելու գործառույթն ըստ էության ՀԷՑ-ին է պատկանում, սակայն այդ գործընթացը դանդաղ է ընթանում:

Ընդհանրապես, ըստ շինարարների, բետոնից կարելի է շատ կոնստրուկցիաներ պատրաստել՝ կամուրջների (ըստ մասնագետների՝ Գյումրու 50-ամյա կամուրջն այժմ հիմնանորոգման կարիք ունի), շենք-շինությունների կառուցման համար:

Հաշվի առնելով անօթևանների մեծ թիվը, նաև այն, որ Գյումրին գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, Գումրու համար մոնոլիտ բետոնե շենքերի կառուցումը, որոնք բավական ամուր են, էական նշանակություն ունեն:

Սակայն մինչ նոր շենքերի կառուցումն ու հենասյուների տեղադրումը, կարևոր է Գյումրու գլխավոր մի շարք փողոցների հիմնանորոգումը, երկրորդական փողոցների բարեկարգումը:

Այս առումով վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկեց առավելագույնը 2-ամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն ավարտին հասցնելը։

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս