Բաց նամակ Կարեն Կարապետյանին
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Վարչապետ,
Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից, մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝ «Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։
Այդ երկրները կատարել են աննախադեպ՝ կես միլիոն Եվրոն գերազանցող ներդրում մեր ֆիլմում։ Ավարտվելուց հետո ֆիլմը գրանցել է միջազգային հաջողություններ, ստացել է մրցանակներ, ցուցադրումներ է ունեցել երեսուն երկրներում, գնվել և հեռարձակվել է Եվրոպայում։ Հայաստանում արժանացել է Ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակի որպես «1991-2011 թթ-ի Լավագույն Դեբյուտ» և Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալի։ Կներեք անհամեստ սկզբի համար։
_
2015թ-ին մեր ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս Վարսերը» միջազգային լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրության Հայտը։ Կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը ընդունել է Հայտը և երաշխավորական նամակ տվել մեզ՝ 2016-2018թթ-ի ընթացքում ֆիլմին ամբողջ բյուջեի մինչև 30%-ի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։
Այդ երաշախավորության շնորհիվ մենք կարողացել ենք համաարտադրողներ գտնել Բուլղարիայում և Գերմանիայում։ Համատեղ Արտադրության փաստաթղթերով, Բուլղարական կողմը երաշխավորել է մոտ 129 մլն դրամի, իսկ Գերմանական արտադրողը՝ 77 մլն դրամի ներդրում։
2016թ-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախագծին հատկացրել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 9 մլն դրամ՝ հաստատված 15 մլն դրամի փոխարեն (ֆիլմի համար պետական բյուջեով նախատեսված 5 մլն դրամը մեզնից հետ է պահանջվել և ծախսվել է այլ նպատակով)։ Այսպիսով, երկու տարում կինոկենտրոնը ֆիլմին փաստացի հատկացրել է 17 մլն դրամ, կամ ամբողջ բյուջեի 5%-ը։ 2018թ-ի համար «Տատիկիս Վարսերը» նախագծին որևէ ֆինանսական աջակցություն չի հատկացվել։
Եվրոպական համատեղ ֆիլմարտադրությունը կարգավորող բազային օրենսդրությունը նախատեսում է հիմնական արտադրող երկրի առավելագույն ֆինանսական մասնակցություն (Majority Status)։ Հայաստանյան պետական կառույցի 5% մասնակցությունը ըստ էության փակում է նախագծի միջազգային ֆինանսավորման հեռանկարը։
_
Այս տարվա ապրիլին Բուլղարիայի ազգային կինոկենտրոնը քննարկելու է «Տատիկիս Վարսերը» ֆիլմին 59 մլն դրամ աջակցություն տրամադրելու Հայտը և մեզ տեղեկացրել են, որ Հայկական կինոնախագծում Բուլղարիայի պետական կառույցի մասնակցության չափը չի կարող գերազանցել Հայաստանի պետական կառույցի մասնակցությունը։ Այսինքն, համատեղ ֆիլմարտադրությանը խթանելու փոխարեն Հայաստանում սահմանափակում է ֆիլմի միջազգային ֆինանսավորման հնարավորությունները։
Երկրորդ ցավալի դրվագը կապված է 2016թ-ին, ազգային կինոկենտրոնի նախկին տնօրինության կողմից՝ Հայֆիլմին կից կինոդերասանի դպրոցի կառավարումը երեք տարով ստանձնելու և այդ ուղղությամբ ներդրումներ ապահովելու առաջարկի հետ։
Մենք, կարևորելով կինոարտադրության ոլորտում կրթված մասնագետների անհրաժեշտությունը, հիմնադրեցինք Շարժապատկերային Արվեստների Կրթական և Արդյունաբերական ՍԻՆԵՄԱ կենտրոնը և գործունեության առաջին տարում ապահովեցինք 17 մլն դրամի մասնավոր ներդրում։ Դա առաջին քայլն էր, որին հաջորդելու էին այս տարվա ներդրումները։ Սակայն պետական կառույցը, առանց որևէ պատշաճ հիմնավորման, այս տարվա սկզբից դադարեցրել է համագործակցությունը։
_
Հարգելի պարոն վարչապետ, 2016-ին Ձեր կողմից կառավարությունը գլխավորելու փաստը ինձ ստիպեց հավատալ պետական արդյունավետ կառավարման քաղաքականությանը։ Ես հավատացի Ձեր բանաձևին, երբ հայտարարեցիք՝ «մենք պետք է բռնենք մասնավորի ձեռքից, օգնենք նրան առաջ շարժվել» և ներդրումներ ապահովեցի։ Բայց, ցավոք, ես միայն այրեցի ձեռքերս։ Ձեր թիմի որոշ չինովնիկներ այդպես էլ չդարձան Մենեջերներ։ Ներդրողը նրանց համար չդարձավ գործընկեր, այլ մնաց օտար մեկը, ում պետք է խաբել, «գցել», թալանել։ Իսկ ստեղծագործողի հանդեպ տարրական հարգանքի մասին ուղղակի անիմաստ է խոսելը։
Մեր ներդրումները ՍԻՆԵՄԱ կենտրոնում և մեր միջազգային գործընկերների ներդրումները «Տատիկիս Վարսերը» ֆիլմում, ըստ էության, փոշիացման շեմին են՝ պետական կառույցի քաղաքականության շնորհիվ։ Ես չեմ ցավում ժամանակի, ուժերի և ներդրման կորստի համար։ Ի վերջո, գումար կորցնելուց ոչ ոք, առավել ևս ֆիլմարտադրողը ապահովագրված չէ։ Ես ցավում եմ, որ այլևս ոչ մի ցանկություն չունեմ նոր ներդրում անելու։
Երբեք չեմ հասկացել մարդկանց, որ հանդիպելով ճչացող անարդարությունների՝ հուսալքվել են, հեռացել և սկսել են հեռվից հայհոյել մեզ բոլորիս, այս ամենը հանդուրժելու համար։ Ես երբեք չեմ հեռանա Հայաստանից։ Հակառակը, կօգտագործեմ բոլոր հնարավորությունները ինքս իմ և իմ ընկերության էֆեկտիվ գործունեության համար անընդմեջ պայքարելով։
Ես ռեժիսոր եմ, իմ ընկերությունը ֆիլմարտադրող կազմակերպություն է։ Մենք նկարել ենք և նկարելու ենք ֆիլմեր, որովհետև այսօր մեզ խանգարողների անունները հանրությանը հայտնի են, բայց կանցնի երեք-չորս տասնամյակ ու ոչ ոք չի հիշի դրանք։ Ճիշտ այնպես, ինչպես որևէ մեկը այսօր չի հիշում քառասուն տարի առաջ կինոն կառավարող չինովնիկների անունները, բայց գրեթե բոլորը ջերմ սիրով հիշում են Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի ու շատ շատերի անունները նրանց թողած բացառիկ հարստության՝ ֆիլմերի շնորհիվ։
_
Հետևաբար, ես չեմ գրում պետական կառույցի կողմից մեր ընկերությանը հասցրած վնասի մասին, չեմ դիմում խնդրանքով՝ վերականգնել արդարությունը, վերադարձնել մեր համար նախատեսված, բայց մեզ չհասած պետական միջոցները։ Դա այլ գործընթաց է ենթադրում։ Պարզապես ներկայացնում եմ մասնավոր ներդրումներին արգելափակող գործոնները՝ առանձին վերցրած ոլորտում, ինձ համար բացահայտելով, որ այսօր պետական կառույցի մակարդակով կարող են «գցել»։
Ես դիմում եմ Ձեզ, որպես ֆիլմարտադրող՝ վարչապետին։ Եվ ընդամենը հարցնում եմ․ Արդյո՞ք Դուք, պարոն վարչապետ գիտեք, որ․
_
Ա․ Հայաստանը անկախությունից ի վեր երբեք չի ներկայացել որևէ խաղարկային ֆիլմով աշխարհի խոշոր չորս կինոփառատոնների հիմնական մրցութային ծրագրերում։
_
Բ․ Հայաստանը, արդեն երեք տարի է, անդամակցելով Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին, պետական բյուջեից տրամադրել է ավելի քան 240մլն դրամ, ներառյալ ներկայացուցչական ծախսերը, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը ներկայացրող որևէ ռեժիսորի կինոնախագիծ այդ կառույցի ֆինանսավորման չի առաջադրվել։
_
Գ․ Հայաստանի կինոյի բարեփոխումները վստահվել են ԱՄՆ մի քաղաքացու, որի կենսագրությունը, կինոարտադրության ոլորտում ունեցած փորձը և կինոյի պետական կառավարման համաշխարհային փորձին կատարյալ անտեղյակությունը որևէ հիմք չեն տալիս հուսալու, որ արժանի է ստանձնելու այդ դերը։ Հենց նրա հետ է կապված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համար նախատեսված գումարի մի զգալի մասի օտարումը 2017թ-ին։
_
Դ․ Հայաստանը չի կարող ունենալ միայն ներքին սպառման որակյալ կինոարտադրանք, իսկ միջազգային շուկա դուրս գալու համար լավ նախագիծ ունենալը բավարար չէ, եթե չկան ներքին ներդրումներ։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային տարածման պոտենցիալ ունեցող կինոնախագծերը հատուկ ուշադրության կենտրոնում լինեն։
_
Ե․ Հայաստանը չի կարող ունենալ արդյունավետ կինոարտադրություն, եթե պետական կառույցի կողմից փակվում են մասնավոր ներդրումների ունակ արտադրողների ուղիները։
_
Վստահ չեմ, որ Դուք բազմազբաղ ժամանակացույցում տեղ կգտնեք այս նամակը կարդալու, առավել ևս պատասխանելու համար։ Նամակի հիմնական նպատակը՝ հայկական կինոարտադրության միջազգային կատարյալ մեկուսացման և ներքին սպառման կինոարտադրանքի որակական սարսափելի անկման պատճառների ներկայացումն է։
Եթե այնուամենայնիվ կարդում եք, շնորհակալ եմ Ձեր ժամանակը տրամադրելու համար։ Հուսով եմ, այս նամակը կխթանի կինեմատոգրաֆիական խնդիրների կարգավորմանը և մենք կկարողանանք ի վերջո ձևավորել միջավայր, որը թույլ կտա երբևէ մրցունակ հայկական ֆիլմեր արտադրել։
Լավագույն մաղթանքներով՝ Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր