«Նոր կարգով ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ». ԱՆ փոխնախարար
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ նախարարությունը մի քանի անգամ փորձ կատարել է հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգն ուժեղացնել, սակայն, որոշակի քննարկումներից հետո այդ կարգերը վերադարձվել են նախարարություն և չեն ընդունվել։
«Դեղատներն ազատ վաճառք էին իրականացնում, քաղաքացիները գնում էին դեղատուն և հարցնում, թե աջ կողքի ցավի համար ինչ դեղամիջոց կառաջարկեն։ Դեղատան աշխատակիցը շատ հաճախ առաջարկում էր դեղեր, և ոչ ոք չէր կարող վերահսկելի դարձնել այդ դեղերի ո՛չ նշանակումը, ո՛չ օգտագործումը, ոչ ոք չէր կարող հասկանալ, թե այդ դեղն ինչ ադեցություն է թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա։ Այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն բացառապես դեղատոմսով։
«Նաև նշված է, որ արգելվում է այլ ձևաթղթով դեղերի դուրսգրումը։ Սա նրա համար է, որ շատ հաճախ մեր բժիշկներն առանց դեղատոմսի որոշակի մշակված բլանկների վրա նշումներ կատարելով՝ ուղղորդում էին հիվանդներին ոչ միայն անվանական ձեռքբերման, այլև դեղատան կողմ։ Այս երևույթի մասին մենք տեղեկացվել ենք տասնյակ անգամներ, բայց այն ժամանակ չունեինք այս հարցի լուծումը։ Ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը, և տեսել, որ այն դեղերը, որոնք դուրս են գրվում դեղատոմսով, անհրաժեշտ է դուրս գրել դեղատոմսով։ Հասարակության պատրաստվածությունից է կախված այս կարգի իրականացումը, բայց առանց դրա հնարավոր չէ լուծում տալ դեղերի շրջանառության ոլորտում առկա խնդիրներին»,- նշեց փոխնախարարը։
Նա ասաց, որ մինչև մարտի 1-ը հասկացել են, որ կարող են հերթեր գոյանալ բուժհաստատություններում, դրա համար գործընթացը բաժանել են 3 փուլի. «Առաջին փուլը հակաբիոտիկների դուրսգրումն է, երկրորդ՝ լուծույթների, երակային և ներարկումային դեղերի դուրսգրումը, և ամբողջ կարգի իրականացումը հետաձգել ենք մինչև հոկտեմբերի 1-ը։ Մենք նաև հաշվի ենք առել, որ այս ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվելու, որից հետո որոշակի միջոցառումներ կիրականացնենք։ Եթե համեմատենք մարտի 1-ը մարտի 26-ի հետ, ապա էականորեն պակասել են այն բողոքները, որոնք նախարարությունը ստանում էր զանգերի և այցելությունների միջոցով։ Հարցերն ուղղված էին ոչ թե՝ դեղատոմսին, այլ՝ առողջապահական համակարգի մի շարք խնդիրներին»։
Առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի թիվը, ըստ նրա՝ մոտ 1150 է, որոնք երբևէ չեն լինելու դեղատոմսով. «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու է նույն դեղը մի դեպքում՝ դեղատոմսով, մեկ այլ դեպքում՝ ոչ։ Մեծ դոզայով մեկ դեղահաբն անմիջապես օրգանիզմում կարող է առաջացնել ավելի մեծ կոնցենտրացիա, անցանկալի երևույթներ, դա է պատճառը։ Հարցնում են՝ ինչու մի դեղը Ռուսաստանում կամ այլ երկրում դեղատոմսով է, իսկ Հայաստանում՝ ոչ, կամ հակառակը։ Այս հարցին էլ պատասխան կա՝ դեղատոմսով դուրս գրվելը որոշվում է դեղարտադրողի կողմից ներկայացված դոսյեի հիման վրա։ Դեղատոմսն ինքնանպատակ չէ»։
Նրա դիտարկմամբ՝ ոչ մի դեղատոմսի տակ պարտադիր չէ կնիքի առկայությունը. «Թմրամիջոցների, հոգեմետ դեղերի դուրսգրման նշանակալի թեթևացում է նախատեսվել։ Նախկին կարգը մոտ 3-4 կնիք ու ստորագրություն էր պահանջում, հիմա այս արգելքները հանված են։ Ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ, սա շատ կարևոր է»։