Բաժիններ՝

«Մենք խանգարեցինք ինքներս մեզ». Կարծիքներ հավաքականի խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ոչ ոքի խաղաց Էստոնիայի ընտրանու հետ:

Երկրորդ խաղակեսում Հայատանի հավաքականը մեծ առավելություն ուներ, որը, սակայն, չկարողացավ վերածել գոլի: Խաղից հետո երկու հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները խոսել են խաղի մասին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խոսքով՝ մենք խանգարեցինք ինքներս մեզ, վերջին փոխանցումը չէր անցնում, սակայն պաշտպանությունը շատ լավն էր:

Հավաքականի մարզիչը նորեկ ֆուտբոլիստներից գոհ էր: Նրա խոսքով՝ նոր դարպասապահ Արամ Հայրապետյանը դրվագներում շատ լավ հանդես եկավ, իսկ Բրիասկո-Բալեկյանը, ով չուներ խաղային պրակտիկա վերջին շրջանում, կարողացել է հարմարվել թիմին և իր որակներով կարող է օգուտ տալ հավաքականին:

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում հավաքականում նոր անուններ չեն լինի՝ չնայած նոր ֆուտբոլիստներ փնտրելը պարբերական գործընթաց է:

Էստոնիայի հավաքաանի գլխավոր մարզիչ Մարտին Ռեյմի խոսքով՝ Հայաստանի հավաքականը բավականին լավ և տեխնիկապես պատրաստված ֆուտբոլ ցուցաբերեց: Ըստ Ռեյմի՝ իրենք ուսումնասիրել էին հայկական ընտրանու խաղը, գիտեին հայ ֆուտբոլիստների ուժեղ և թույլ կողմերը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ բավականին դժվար խաղ ստացվեց: Մխիթարյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ մեր հավաքականին խանգարեց քամին՝ քամին երկու թիմերի համար էր:

Այս հանդիպմանը հավաքական էր վերադարձել հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով վերականգնվել է վնասվածքից:

«Շատ ուրախ եմ հավաքական վերադառնալու համար, քանի որ միշտ հաճույքով եմ գալիս հավաքական: Կարոտել էի թե՛ խաընկերներիս, թե՛ երկրպագուներին:
Հուսով եմ այս ընկերական հանդիպումները կօգնեն, և կամաց-կամաց կվերադառնամ լավագույն մարզավիճակիս»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը նշում է, որ հանդիպումը շատ լավն էր, թիմը ուներ շատ պահեր, սակայն ափսոսանք է հայտնում, որ իրենք չկարողացան իրացնել բոլոր պահերը: Ըստ կիսապաշտպանի՝ ընդհանուր առմամբ, թիմը շատ լավ էր համագործակցում:

«Պահեր ունեինք, որ կարող էինք օգտագործել, կարող էինք հաղթել: Ընդհանուր առմամբ, լարված հանդիպում ստացվեց: Հույս ունեմ, որ հաջորդ խաղում կհաղթենք, բոլոր պայմանները ստեղծված են, որ վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղին»,- նշում է հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:

Հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը շեշտում է այն հանգամանքը, որ այս ընկերական հանդիպումները առաջին հերթին նպատակ ունեն պատրաստել թիմին Ազգերի լիգայի խաղարկությանը: Նրա խոսքով՝ այս խաղում կարևոր էր, որ պաշտպանությունում կոպիտ սխալներ չեղան:

Մրցակցի կազմում հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ռագնար Կլավանը: Մեզ հետ զրույցում, Կլավանը նշում է, որ երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին մի փոքր առավելություն ուներ, բայց ընդհանուր առմամբ, խաղը հավասար էր: Կլավանը շեշտում է, որ երկու թիմերի դարպասապահներն ու պաշտպանները հրաշալի հանդիպում անցկացրին:

Ռագնար Կլավանի խոսքով՝ հայկական ընտրանում կան շատ լավ որակներ ունեցող ֆուտբոլիսներ, մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանը: Կլավանը նշում էր, որ հետևում է Մխիթարյանին և նրա երկրպագուն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս