«Չզարմանաք, որ որոշ ժամանակ հետո Էրդողանն ասի՝ Գյումրին էլ է մերը և պետք է վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը»
Մարտի 23-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներ․աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերը վերջին 10 տարիներին» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:
Մայրաքաղաքի և մարզկենտրոնների՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշների վերլուծության, Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին քննարկման ընթացքում բանախոսները կարծիքներ հայտնեցին, որ վերջին 10 տարում հանրապետությունում և Շիրակի մարզում տնտեսական իրավիճակը նույնն է մնացել, պատճառը մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի թերի իրականացումն է, նաև իշխանությունների պատասխանատվության բացակայությունը:
«Գյումրու անօթևանների թիվը երևի առեղծված է մնում: Քաղաքապետարանը մի թիվ ունի, պետությունն ասում է՝ էլ բան չի մնացել, մնացել է 70-80 հոգի, բնակարանների գնման վկայագիր կտանք, կպրծնի, կգնա:
Մենք, իհարկե հիշում ենք Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր կառավարման առաջին ժամկետի վերջում այլևս անօթևաններ չեն լինելու: Երկրորդ ժամկետն է ավարտվում, բայց բոլորդ կարող եք անզեն աչքով տեսնել, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տնակներ կան:
10 տարի հետո կանգնել նույն 45 տոկոս աղքատության, Հայաստանից օրական միջին հաշվով արտագաղթող 108-110 հոգու վրա… մի խոսքով՝ խայտառակ պատմություն է»,- կարծիք հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Վերջինիս խոսքով, կարևոր է ոչ թե մարզերի զարգացման ծրագրերի մասին պատմություններ լսելը, այլ սոցիալ-տնտեսական իրավիճակը փոխելու համար գործնական քայլերը ձեռնարկելը:
Անդրադառնալով հանդիպմանը ներկա Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի այն պնդումներին, թե ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր, Լ. Բարսեղյանն ասաց, թե նման պնդումները իշխանությունների վրայից պատասխանատվությունը «ցրելու» միջոց է.
«Երբ ասում եք՝ բոլորս ենք մեղավոր, որը լսում ենք 20 տարուց ավել, էլ ի՞նչ պետք է անեմ ես իմ աշխատավարձի 28 տոկոսը տալուց բացի, պետք է վերլուծություններ անեմ և ձեզ մատուցե՞մ: Փոխանցեք մարզպետին, որ դիագրամներ եմ արել, որը պարտավոր չէի: Դա արել եմ, որպեսզի մարզպետին ցույց տամ, թե ինչ է նշանակում տարածքների համաչափ զարգացում:
Ասեք, ի՞նչ է պետք, որպեսզի Մարմաշենի 1.5 կմ ճանապարհը նորոգվի: Բա՞րդ է: Ժողովուրդ էս ո՞ր դարն է, փող չկա՞:
Լուրեր ունեմ, որ մարզպետը համոզում է առաջին պոլիկլինիկայի տնօրենին, պոլիկլինիկան տեղափոխել դիմացի հիվանդանոցի մի մասը, որտեղ պայմանները բավարար չեն, լուրեր ունեմ, որ ճնշումներ են գործադրվում»:
Գյումրու ավագանու անդամ Սուսաննա Աստոյանի խոսքով, Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում գործազրկության բարձր մակարդակ գոյություն ունի. «Մոտ 13 000 հաշվառված գործազուկ կա մարզում, մինչդեռ այլ մարզերում պատկերն այլ է»:
Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հետ կապված՝ Ս.Աստոյանը բավական հետաքրքիր դիտարկում կատարեց. «Վերջերս խորացել եմ սոցիալական ձեռնարկատիրության ուղղությամբ աշխատանքներ տանելու համար, քանի որ դա աշխատատեղեր բացելու միակ հնարավոր ճանապարհն է: Այս դեպքում շահույթի բաշխմումը և ծախսումը ենթադրում է կոնկրետ հարցերի լուծում և համայնքի զարգացում:
Փոքր ծրագրեր բոլորս էլ կարող ենք կազմել, ուղղակի պետք է մտածենք՝ ինչ անել, որը շարունակական կլինի: Ցանկություն կա, հնարավորություններն էլ պետք է փնտրենք, գտնենք»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով, մարդիկ ավելի շատ արտագաղթում են ոչ աղքատության պատճառով:
Ըստ Ա.Համբարձումյանի, Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում իրականացվում է երկու տեսակի կառավարում՝ տեղական և տեղական ինքնակառավարման, առաջինն իրականացվում է մարզպետարանի կողմից:
«Ըստ էության մարզի սոցիալ-տնտեսական վիճակի համար պատասխանատուները տեղական ինքնակառավարումն իրականացնողներն են: Երբ մարդուն նշանակում են մարզպետ, ինքը պատասխանատու է տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համար:
6 ամիսը մեկ այդ մարդուն պետք է կանչեն և ասեն՝ այս ցուցանիշով քո մարզը ետ է ընկնում, դա ունի օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառ: Եթե պատճառն օբյեկտիվ է, մնա, կփորձենք խնդիրը միասին լուծել, եթե սուբյեկտիվ է, ուրեմն՝ բարի եղիր գնա այս մարզից: Նորմալ երկրներում այս տրամաբանությամբ է կառուցվում և կառավարվում պետությունը: Եթե մարդիկ չեն ուզում, որ իրենց քննադատեն, թող դուրս գան իրենց պաշտոններից, ասենք գյումրեցի մարզպետ կարող ենք ունենալ»:
Ա.Համբարձումյանը տեսակետ հայտնեց, որ կենտրոնական իշխանությունների կողմից շատ փնթի կառավարում է իրականացվում.
«Տնտեսագիտության մեջ կա այսպիսի տերմին՝ բացասական սպասումներ: Օրինակ, 90-ականներին մարդիկ շատ չէին արտագաղթում, քանի որ չնայած պատերազմական վիճակին, սպասումները դրական էին»,- ասաց Ա.Համբարձումյանը:
Քաղաքագետ Գաիկ Համբարյանի պնդմամբ, Շիրակի մարզում նույնիսկ Խորհրդային միության տարիներին արտագնա աշխատանքը շատ պոպուլյար է եղել. «Գյումրիում 4 տասնյակից ավել գործարաններ, ֆաբրիկաներ ենք ունեցել, սակայն միևնույն է, շիրակցիներն արտագնա աշխատանքի գնացել են, սակայն ի տարբերություն ներկա իրավիճակի, գնացել և եկել են»:
Գ. Համբարյանը խոսեց նաև ՇՊՀ-ում տիրող իրավիճակից. «Մեր օրինակը փաստ է: Շիրակի մարզն այնքան «հարուստ» էր գիտությունների դոկտորներով, որ Շիրակի պետհամալսարանի սանձարձակ ռեկտորը կարող էր Խորիկյան Հովհաննեսին գործից ազատել կամ իմ նման մարդուն, և դա ներկայացնել որպես ոչ դասախոսին վայել պահվածք կամ բուհի գույքին վնաս հասցնելու մեթոդ»:
Այնուհետև նա նշեց. «Իրավապահ մարմիններին չհավատալը, վստահության պակասը՝ արդարադատության և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, ևս բերում է նրան, որ ժողովուրդն արտագաղթում է:
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանք շատ փոքր են, որպեսզի ազդեցություն ունենան Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Միակ բանը, որը պետք է անեն իշխանությունները, ոչ միայն Շիրակի մարզում, այլ ընդհանրապես մարզերում, դա համապատասխան օրենքի ընդունումն է, որով արտոնություններ կտրվեն ներդրողներին: Ես ինքս բիզնեսմեն չեմ, սակայն ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ:
Եթե ինչ-որ ձեռներեց, ով ունի գումար և գիտի, որ Երևանում ներդնելու դեպքում այն ետ կբերի 3 տարի հետո, իրազեկված լինելով, որ նույն գումարը ներդնելով Գյումրիում, հարց է՝ 5 տարի հետո իր ներդրած գումարը ետ կգա, թե ոչ, ինքը երբևէ Շիրակի մարզում ներդրումներ չի անի»:
ՇՊՀ նախկին դասախոսը առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին զուգակցեց նաև արտաքին քաղաքական չլուծված խնդիրները. շատ դեպքերում թույլ տնտեսություն ունենալն է արտաքին քաղաքական հիմնախնդիրների չլուծման պատճառը, երբ մենք չենք կարողանում ռազմական դիմակայություն ցույց տալ մեր հակառակորդներին:
«Մենք պատերազմող երկիր ենք և մեր իշխանությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն նաև սահմանամերձ գոտիների զարգացմանը: Բոլոր երկրներում կա այսպիսի քաղաքականություն, երբ երկիրը պատերազմող է, աշխատում են սահմանամերձ շրջանները շատ լավ բնակեցնել, իսկ մե՞նք ինչ ունենք՝ արտագաղթող Տավուշի մարզ, արտագաղթող Շիրակի մարզ:
Մի մտածեք, թե Շիրակի մարզը սահմանամերձ չէ. մենք ավելի վտանգավոր սահմանում ենք: Եթե այն կողմում նորաթուխ Ադրբեջանն է, որը նոր է հզորանում, ապա մեր կողմում ունենք Թուրքիա, որի ռազմական և քաղաքական ակտիվությունը տարածաշրջանում ցույց է տալիս, որ պարոն Էրդողանը ցանկանում է վերականգնել պանթյուրքիստական քաղաքականությունը: Ինքն անընդհատ ասում է՝ Հալեպը մերն է, Կիպրոսը մերն է, և չզարմանաք, որ որոշ ժամանակ հետո ասի՝ Գյումրին էլ է մերը և պետք է վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մենք այս խնդիրները չենք ունենալու և հիմա այս իրավիճակում պահել Շիրակի մարզն ուղղակի աբսուրդ է»:
Հաջորդ բանախոսը՝ «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանն էր, ով իր ելույթում նշեց, որ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար ներդրումային ծրագրերը բավարար չեն.
«Վերջերս կառավարության որոշմամբ բնօգտագործման և բնապահպանական վճարները դարձվեցին որպես հարկ: Ոչ մի երկրում նման բան չկա, դա հարկ չէ: Բնավճարն այն է, երբ դու աղտոտում ես շրջակա միջավայրը, տալիս է որոշակի գումար, որպեսզի այդ տարածքներում միջոցառումներ իրականացվեն մեղմելու համար բացասական ազդեցությունը»:
Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերին, բանախոսը շեշտեց, որ այդ ծրագրերում հիմնականում ՀԿ-ների և միջազգային կառույցների իրականացրած աշխատանքն է երևում: Թերի և անհասկանալի է նաև վերևից մարզպետների աշխատանքի գնահատման համակարգը:
Անահիտ Սիմոնյան