«ԵՄ ոչ մի երկիր չի երկարաձգի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը». Եվրոպացի փորձագետ
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը չի ունենա գաղափարական, բայց կունենա տեխնիկական բնույթի խոչընդոտներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի եվրոպագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետներին ԵՄ անդամ երկրների կողմից:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ վերջին պետությունը կավարտի վավերացման ներպետական գործընթացները:
Սյուզան Ստյուարտը վստահեցրեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի զարգացման ներկայիս փուլում, երբ բավական ծանր ճանապարհ են անցել Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, նրանց և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրերի վավերացման գործընթացները խոչընդոտների էին արժանանում այն ԵՄ անդամ երկրների կողմից, որոնք մի քանի տարի առաջ դեռ լավ հարաբերություններ ունեին Ռուսաստանի Դաշնության հետ և այս համաձայնագրերը սպառնալիք էին դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, մտավախությունները տեղին չեն: Նա հիշեց, որ այս երեք երկրներից երկար ժամանակ պահանջվեց նաև ներսում համաձայնագրերը վավերացնելու համար՝ կրկին նույն մտավախությունից ելնելով, բոլոր կողմերը փորձում էին զգույշ լինել, որպեսզի ստորջրյա հակասությունները Ռուսաստանի հետ էլ ավելի չսրվեն:
«Այս բոլոր զարգացումներից հետո Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը չի ունենա գաղափարական, բայց կունենա տեխնիկական բնույթի խոչընդոտներ, քանի որ ՌԴ-Արևմուտք առճակատումն արդեն բաց փուլ է տեղափոխվել, որևէ երկիր, օրինակ` ինչպես ժամանակին Գերմանիան էր, չի խոչընդոտի համաձայնագրի վավերացմանը, միայն պետք է փորձի ուսումնասիրել և իր հավանությունը տալ:
Որպես կանոն, համաձայնագրի վավերացման այս փուլերն ավարտվում են հաջողությամբ, քանի որ մինչ սա համաձայնագիրը երկար ճանապարհ է անցնում, ԵՄ անդամ երկրները մասամբ ծանոթ են, թե ինչ համաձայնագրի մասին է խոսքը: ԵՄ երկրները գիտեն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ռուսաստանն ընկալում է համարժեք, առանց ավելորդ ջղաձգումների, քանի որ այն քննարկված է Ռուսաստանի հետ, ուստի որևէ ձգձգման մասին խոսելն անտեղի եմ համարում: Ժամանակատար կարող են լինել այն ընթացակարգերը, որոնցով անցնելու է համաձայնագիրը ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրում, դրա համար կպահանջվեն շատ ամիսներ»,- նման տեսակետ հայտնեց Սյուզան Ստյուարտը:
Խոսելով «Արևելյան գործընկերություն» ծրագրում կատարվող կառուցվածքային փոփոխություններից` գերմանացի եվրոպագետն ասաց, որ «Արևելյան գործընկերությունը» համեմատաբար «երիտասարդ» ծրագիր է, ուստի անընդհատ վերանայման և կառուցվածքայի փոփոխությունների փուլում է: «Ներկայիս փոփոխությունները ևս վերջնական չեն, և դա հասկանալի է, քանի որ ԵՄ-ն գործ ունի վեց տարբեր երկրների և դրանց տարբեր ավանդույթներ ունեցող համակարգերի, որոնցում դեռ արմատացած էին սովետական բարքերը:
Այդ երևույթների դեմ պայքարելու համար արդյունավետ գործիքներ ԵՄ-ն դեռ չի մշակել, տեսեք, թե ինչ խնդիրների առջև կանգնեց և դեռ կանգնում է Ուկրաինան կոռուպցիայի, կառավարման անարդյունավետ համակարգի պատճառով: ԵՄ-ին ժամանակ էր հարկավոր այս խնդիրները գիտակցելու համար: ԵՄ-ից ներկայիս համակարգերին հասնելու համար տասնյակ տարիներ էին պահանջվել: Ժամանակ է անհրաժեշտ նաև այս ծրագրի համար արդյունավետ մոդել գտնելու համար»,- ասաց Ստյուարտը:
Ըստ նրա` ԵՄ-ն պետք է հասկանա նաև, որ ոչ մի գործիք ի զորու չէ նախատեսվող բարեփոխումներն արագացնել, եթե երկրում գտնվող իշխանությունը բարեփոխումների իմիտացիա է փորձում ստեղծել ԵՄ-ից ֆինանսավորում ստանալու նպատակով: Ուստի, Ստյուարտի խոսքով, ԵՄ պաշտոնյաները պետք է հանգեն այն համոզման, որ անհրաժեշտ են որոշակի լծակներ, վերահսկողություն, ազդեցություն, որոնցից ԵՄ-ն խուսափում է:
«Լիբերալիզմի նախկին մոդելներն իրենց ներկայումս այլևս չեն արդարացնում, նոր տարբերակներ է պետք փնտրել, նոր մոտեցումներ, որոնց մասը պետք է կազմեն ազդեցության լծակներն այս երկրների նկատմամբ, դա ամենալավ գործիքը կլինի բարեփոխումների առաջմղման համար»,- նման համոզմունք հայտնեց գերմանացի վերլուծաբանը: