Փարիզում ոստիկանների հետ գործադուլավորների բախումներ են սկսվել
Փարիզում մարտի 22-ին բախումներ են տեղի ունեցել համազգային գործադուլի շրջանակներում զանգվածային ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը: Մասնավորապես, կարգի պահապանները Փարիզի Արեւելյան կայարանի շրջանում ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել մի խումբ երիտասարդների դեմ:
ԶԼՄ-ները նշում են, որ երիտասարդները քարեր էին նետում եւ կոտրում ապակե ցուցափեղկերը: Մարտի 22-ին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունենում պետծառայողների, երկաթուղային աշխատողների եւ օդանավակայանների աշխատակիցների գործադուլները:
Ընդհանուր առմամբ ամբողջ Ֆրանսիայի տարածքում նշանակված են բողոքի 140-ից ավելի խոշոր ակցիաներ: Ամենանշանակալիներից մեկը տեղի կունենա Փարիզի Բաստիլի հրապարակում: Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին այստեղ կգա շուրջ 25 հազար մարդ:
Ֆրանսիացիների դժգոհությունը պայմանավորված է իրականացվող վերափոխումներով, մասնավորապես, տնտեսական ու սոցիալական ոլորտում: Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս Ֆրանսիայի կառավարության նոր միջոցառումների դեմ, որոնք, նրանց կարծիքով, վատացնում են պետական հատվածի աշխատողների վիճակը, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների եւ կենսաթոշակների հետ կապված հարցերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: