«ԱՄՆ դեսպանատան այս աջակցությունը Հայաստանին երկարաժամկետ է և շարունակական». Դեբորա Գրիզեր
«ԱՄՆ դեսպանատունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարել այս ոլորտում եղած մարտահրավերները, և այս աջակցությունը երկարաժամկետ է ու շարունակական։ USAID-ն օգնել է Հայաստանի գործատուներին՝ աշխատանք ապահովել հաշմանդամություն ունեցողների համար։
550 հաշմանդամություն ունեցող անձ տեղավորվել է աշխատանքի և ավելի քան 1700 հոգու տրամադրվել է համապատասխան մասնագիտական ուսուցում»,- այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։
«Մենք խրախուսում և քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ առաջ մղել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և ապահովել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի ընդունումը։ Սա կարևոր քայլ է, որը պետությունը կարող է իրականացնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար»,- հավելեց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն էլ նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը երկու հիմնական դրույթ ունի, որոնք միտված են լինելու օրենքի կիրարկմանը՝ համալիր և տարեկան ծրագրերի գաղափարը:
«Համալիր ծրագիրը մշակվելու է հնգամյա ժամանակահատվածի համար և հանդիսանալու է սոցպաշտպանության ու սոցներառման ուղղությամբ առաջիկա տարիներին կատարվելիք ծրագրերի համախումբ, և պետք է սահմանի այն նպատակները, որոնք դրված են սոցներառման քաղաքականության շրջանակներում, միաժամանակ պետք է սահմանվեն այն միջոցառումները, որոնք միտված են՝ հնարավորինս ապահովելու այդ սոցներառումը»,- ասաց նա:
Սաիյանի խոսքով՝ որևէ փայլուն գրված ծրագիր դեռևս գրավական չէ, որ այն կյանքի է կոչվելու, դրա համար անհրաժեշտ են քայլեր, որ լինի ոչ թե ինքնանպատակ ծրագիր, այլ ծրագիր, որը կյանքի է կոչվելու:
Մյուս կարևորագույն ինստիտուտը, ըստ Սաիյանի՝ տարեկան ծրագրի գաղափարն է, որ ամեն տարի բյուջեով ներկայացվում է ԱԺ. «Այն միտված է լինելու համալիր ծրագրի իրականացմանը, այսինքն՝ այդ ծրագրի գործիքներից մեկն է, որտեղ ամրագրված են լինելու ֆինանսավորման աղբյուրները, միջոցառումները, որ արվել են բյուջեի հաշվին, դոնոր կազմակերպությունների հաշվին, և այլն»: