Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանի խորհուրդները երիտասարդներին

Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը հանդիպեցին համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանը ելույթ ունեցավ՝ խոսելով ժամանակակից մարտահրավերների, փոփոխությունների, կրթության կարևորության և հաջողության հասնելու մասին: Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:

168.am-ն առանձնացրել է Ռուբեն Վարդանյանի խորհուրդները՝ ուղղված երիտասարդներին: 

Մտածեք և…

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք բոլորս ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն բան անմիջականորեն կապվում է մեկ ուրիշ բանի հետ, ամեն ինչ փոխկապակցված է: Պետք է անընդհատ մտածել և գտնել նոր լուծումներ: «Մտածիր և կապիր, մտածիր և ստեղծիր, մտածիր և գործիր. սա մեր նոր կարգախոսն է: Սա այն տեսլականն է, որն ապագայում պետք է միավորի խելացի և կրթված մարդկանց»:

Շատ կարդացեք

«Ես ամեն ամիս երեք-չորս գիրք եմ կարդում: Շատ գրքեր կան, որոնք ազդել եմ իմ վրա: Կարդացեք անդադար: Շատ գրքեր կարդացեք, դրանք կնպաստեն ձեր կայացմանը: Մի վատնեք ձեր ժամանակը, այն ծախսեք կարդալու վրա:

Իմ խորհուրդն է՝ երբեք չվախենալ, շատ սովորել: Դա կլինի լավագույն շարժիչը Հայաստանում ամեն ինչ փոխելու համար: Ես առաջարկում եմ դուրս գալ քառակուսի արկղից, ձերբազատվել վախից և չասել՝ ես չգիտեմ:

Մի՛ վախեցեք երազել

«Հաջողության հասնելու համար պետք է ամբողջ սրտով հավատաք ձեր երազանքին և նպատակին: Մենք պետք է հավատանք, որ կարող ենք ինչ-որ բան փոխել: Կարևոր է, որ հենց դուք հավատաք ձեր երազանքին, մյուսները կարող են և չհավատալ: Իսկական երազանք ունենալու և այն իրականացնելու համար պետք է շատ համարձակ լինել և պատրաստ լինել սայթաքելու: Ժամանակի ընթացքում պետք է ոչ միայն գիտելիքներ ստանալ, այլ սովորել հավատալ, պայքարել, ստեղծել և ուժեղ լինել»:

Կարևորե՛ք կրթությունը

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ կրթությունն է առաջ է մղում աշխարհը: «Կրթությունը պետք է լինի առաջնային՝ անկախ ամեն ինչից և անկախ փոփոխություններից: Աշխարհը փոխվում է, կրթությունը փոխվում է, տեխնոգոլիաները փոխվում են: Այդ իսկ պատճառով պետք է անընդհատ սովորել: Այժմյան մասնագիտությունները տարիներ անց կարող են պարզապես գոյություն չունենալ»:

Ռուբեն Վարդանյանը նշում է, որ այսօր շատ է փոխվել ուսուցչի դերը կրթական համակարգերում և պետք է անել այնպես, որ ուսուցչի հեղինակությունը կրկին բարձրանա և ուսուցիչներն արժանանան մեծ հարգանքի:

«Այսօրվա ամենակարևոր ճգնաժամն այն է, որ շատ երկրներում ուսուցիչները պատշաճ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից: Լավ օրինակ է Ֆինլանդիան, որի բանաձևը պարզ է՝ 10 լավագույն ուսանողներից 7-ն ուզում է ուսուցիչ դառնալ: Իսկ, օրինակ, Ամերիկայում, 10 լավագույն աշակերտից միայն 2-ն ունեն այդ ցանկությունը, Ռուսաստանում՝ միայն 1-ը:

Ուսուցչի կերպարի վերադարձը մեծագույն մարտահրավեր է ցանկացած հասարակության համար: Ուսուցիչները, մենթորները, մարդիկ, ովքեր ոչ միայն կրթում են և կիսվում տեղեկատվությամբ, այլև արժեքներ են փոխանցում, ոգեշնչում են: Դա իրականում հեշտ չէ, քանի որ բոլորս վախենում ենք ապագայից, չգիտենք՝ ի՞նչ է լինելու վաղվա օրը:

Մենք ուզում եք կայունություն ունենալ, առավել ևս, երբ միաժամանակ բազմաթիվ ուղղություններով արագ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում: Մարդիկ իսկապես վախենում են իրենց ապագայի համար»:

Զարգացրե՛ք լեզվամտածողությունը

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պետք է ոչ միայն սովորել լեզուներ, այլև փորձել հասկանալ տարբեր մարդկանց լեզվամտածողությունը և աշխարհայացքը: Պետք է անընդհատ կապեր հաստատել:

Ռուբեն Վարդանյանը նշում է, որ հայ երիտասարդները ուշադրության կենտրոնում են պահում միայն հայերենը, անգլերենը և ռուսերենը, իսկ մյուս լեզուները մղվում են երկրորդ պլան: Սակայն պետք է ուշադրության արժանացնել մեզ համար կարևոր այլ լեզուներ ևս, ինչպես օրինակ՝ պարսկերենը:

«Մենք հեշտությամբ կարող ենք ասել՝ ստեղծեք, գործեք, բայց դա անելը հեշտ չէ: Դրա համար համարձակություն է պետք: Պետք է չվախենաք նոր բաներ սովորելուց և գիտակցելուց, որ շատ բաներ կան, որ դուք չգիտեք: Մի կաղապարեք ձեզ: Կարդացեք և սովորեք: Դրանք կօգնեն ձեզ կայանալ որպես անատականություններ»:

Ըստ Վարդանյանի՝ այսօր Հայաստանն ընդլայնում է կապերը Եվրամիության հետ: Մենք բացառիկ դիրք ունենք ԵՄ-ի, Եվրասիական միության և Իրանի մեջտեղում: Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգուտ քաղել այդ իրողությունից:

Մենք մյուս ազգերի համեմատ առավելություններ ունենք, և առաջինը հայերի ցանցն է, որ սփռված է ամբողջ աշխարհում:

Գնահատե՛ք մարդուն

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ ժամանակի ընթացքում էլ ավելի է կարևորվում մարդը: Ֆինանսները մղվում են երկրորդ կամ երրորդ պլան, իսկ մարդն ու մարդկային միտքը, տաղանդը դառնում են առաջնային:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս