«Թուրքիայի գործողությունները որոշակի կարմիր գծերի շրջանակում են. սիրիահայ համայնքին դեռևս վտանգ չի սպառնում»
Հարցազրույց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ
– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի գործողությունները Սիրիայում և դրանց վերաբերյալ եղած միջազգային արձագանքը։
– Թուրքիայի գործողությունները ճիշտ այնպիսին են, ինչպիսին և կանխատեսվում էր, որևէ կասկած չկար, որ Թուրքիան կարողանալու է հաջողությամբ ավարտել Աֆրինի ռազմագործողությունը, և հետևանքը քրդաբնակ շրջանի համար լինելու էր ճիշտ այնպիսի ծանր, սարսափելի, ինչպիսին ներկայում է։
Այսինքն՝ Թուրքիան հստակ խնդիրներ էր դրել իր առջև և բոլոր հնարավոր միջոցներով հասավ այդ խնդիրների առարկայացմանն ու իրականացմանը։ Ներկայումս էլ տեղի է ունենում այն, ինչ սպասվում էր, այսինքն՝ Թուրքիան շրջանը վերածում է իր ազդեցության գոտու, այն է՝ ստեղծել իրավիճակ, որպեսզի քրդերի մի նոր զանգված դուրս գա շրջանից, մինչև Թուրքիայի և նրա հովանավորյալ ուժերի կողմից շրջանի վերջնական գրավումը, իսկ հետագայում արդեն կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մնացած քրդերի զգալի մասը ևս բռնի Աֆրինը լքելու ճանապարհը։
Իսկ այս շրջանն արդեն կվերաբնակեցվի Թուրքիայի համար լոյալ էթնիկ և կրոնական խմբերով, որոնք հետագայում կդառնան այն ուժը, որոնց հետ համագործակցելով՝ Թուրքիան կլուծի իր հետագա խնդիրները այս շրջանի հետ կապված։ Միջազգային հանրության արձագանքը, ինչպես տեսանք, բավականին մեղմ է, ակնհայտորեն տեսնում ենք, որ չկա Թուրքիայի քայլերը սահմանափակող որևէ լուրջ նախաձեռնություն։ Սա նաև պայմանավորված է ներկայումս միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի հետ։ Խոսքը աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացման մասին է։
Միջազգային հանրության ավելի ազդեցիկ գործողությունները Սիրիայի տարածքում ոչ թե Թուրքիայի գործողությունների դեմ են, այլ Սիրիայի մեկ այլ հատվածում՝ Դամասկոսի Արևելյան Ղուտա շրջանում ընթացող ռազմական գործողությունների, որտեղ մասնակցում են ռուսական օդատիեզերական ուժերը։ Եվ միջազգային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև առկա համագործակցությունը թույլ է տալիս Թուրքիային, որպեսզի ձեռքերն ազատ առարկայացնի իր շահերը Սիրիայի հյուսիսում, իսկ հետագայում՝ նաև Սիրիայի հյուսիս-արևելքում։
– Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Մանբիջ և Կամիշլի, որոնք հայաբնակ են։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այնտեղի մեր համայնքի համար, և Հայաստանն ի՞նչ պետք է անի այս ուղղությամբ։
– Կարծում եմ, որ Թուրքիայի և նրա հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումների հետագա առաջխաղացումը դեպի Մանբիջ, դեպի Սիրիայի հյուսիս-արևելք, ինչպես հայտարարում է նախագահ Էրդողանը, հազիվ թե իրականություն դառնա։ Չնայած՝ Թուրքիայում գործող վարչակարգի պայմաններում դժվար է որևէ զարգացում կանխատեսել, այդուհանդերձ, ներկայում նման հավակնությունները դեռևս հռետորաբանության և քաղաքական հայտարարությունների մակարդակում են, որի նպատակն է՝ ուղերձ հղել այդ շրջաններում ազդեցություն ունեցող միջազգային դերակատարներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, որպեսզի քաղաքական հարթությունում լուծվեն այն խնդիրները, որոնք իր առջև դրել է թուրքական կողմը, այսինքն՝ նշված շրջաններում, այսպես կոչված՝ քրդական ինքնապաշտպանական ջոկատների դերակատարության նվազեցումը, եթե ոչ՝ ամբողջությամբ բացառումը։
Իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ես կրկնեմ, որ ներկայում բացառում եմ նման ընթացքը, քանի որ այդ շրջաններում բավական մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, բացի այդ՝ այդ շրջանները վերահսկող քրդական ինքնապաշտպանական ջոկատները և՛ մարտական պատրաստվածության, և՛ սպառազինության տեսանկյունից շատ ավելի մարտունակ են, քան Աֆրինի ինքնապաշտպանական ջոկատները։ Թուրքական կողմի և նրանց հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումների համար շատ ավելի բարդ կլինի ռազմական տեսանկյունից վերահսկողություն հաստատել այդ տարածքներում։
Թուրքիայի գործողություններն ու դրանց հետևանքները սիրիահայ համայնքի համար հոգեբանական են։ Հալեպին բավական մոտ գտնվում են թուրքական զինված ուժեր, ինչը, անշուշտ, հոգեբանական ազդեցություն կունենա սիրիահայ համայնքի համար։ Մինչդեռ էական վտանգ սիրիահայերի համար դեռևս չի կանխատեսվում, քանի որ Թուրքիայի գործողությունները որոշակի պայմանավորվածությունների և կարմիր գծերի շրջանակում են, և հազիվ թե դրանք անցնեն այն սահմանները, որոնք համընկնում են Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Այս պարագայում Հալեպի առումով որոշակի երաշխիքներ կան, որ որևէ լուրջ վտանգ չի սպառնում։
Ինչ վերաբերում է Քոբանիին, Ալ-Հասաքային, մասամբ՝ նաև Մանբիջին, որտեղ ևս սահմանափակ քանակությամբ հայեր կան, դեռևս այդ շրջաններում հնարավոր զարգացումները առավելապես կանխատեսվում են քաղաքական հարթության մեջ։ Իսկ երբ հստակ ռազմական վտանգ լինի, բնականաբար, հաշվի առնելով Աֆրինի իրողությունները, պետք է նախընթաց քայլեր նախաձեռնվեն՝ նշված շրջաններում սիրիահայերի անվտանգությունն ապահովելու նպատակով։
– Էրդողանն արդեն հայտարարել է, որ դիմել է Իրաքի իշխանություններին և ասել, որ Իրաքի տարածքում ևս կան, իր ձևակերպմամբ, «քրդական ահաբեկիչներ», և, եթե Իրաք պետությունը չկարողանա նրանց չեզոքացնել, ապա Թուրքիան կներխուժի Իրաք և նրա տարածքում կանի այն, ինչ իրականացնում է Սիրիայում: Կարծիքներ կան, որ Թուրքիայի հաջորդ թիրախը Մոսուլն է. ի՞նչ վտանգներ եք տեսնում։
– Մոսուլը չէ, խոսքը Սինջարի շրջանի մասին է։ Համենայնդեպս, գործընթացներին հետևող փորձագետները գիտեն, որ Սինջարի լեռներում բավական լուրջ դերակատարում ունեն PKK-ի զինյալները, և տրամաբանական է, որ PKK-ի դեմ ուղղված գործողությունների շղթան հանգեցնելու է նաև Իրաքում նման գործողությունների։
Հատկապես, հաշվի առնելով, որ Թուրքիան նման խնդիր է ներկայումս հետապնդում, որն իրականացնելու համար համագործակցում է՝ ինչպես իրաքյան իշխանությունների, այնպես էլ՝ Սիրիայի տարածքում Սիրիայի արտաքին հովանավորների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս համատեքստում տրամաբանական է, որ նման գործողություններ, հնարավոր է՝ իրականացվեն նաև Իրաքի տարածքում, եթե իրաքյան կառավարական ուժերը ինքնուրույն չստանձնեն պատասխանատվություն՝ Սինջարի շրջանը PKK-ի զինյալներից ազատելու հարցում։ Այսինքն՝ սա տրամաբանական շղթա է, որը տեղավորվում է թուրքական իշխանությունների կողմից PKK-ի ազդեցությունը էականորեն թուլացնելու կամ նրանց դեմ պայքարը որոշակի հանգուցալուծման հասցնելու հարթությունում։
Իսկ ինչ վերաբերում է գործողությանը, ապա մայիսի առաջին կեսին Իրաքում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և կանխատեսելի է, որ Իրաքում հնարավոր գործողությունները տեղի կունենան հենց այդ ընտրություններից հետո՝ թուրքական իշխանությունների և իրաքյան արդեն նոր ձևավորված կառավարության հետ նոր երկխոսության արդյունքում։
– Ըստ Ձեզ՝ Էրդողանն ինչքա՞ն հեռու կարող է գնալ, ի վերջո, նրա հիմնական նպատակը ո՞րն է։
– Կգնա այնքան հեռու, որքան հնարավորություն կընձեռվի։ Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի համար բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար։ Իսկ առաջնային խնդիրն, ինչպես նշեցի՝ PKK-ի դեմ առարկայական պայքարն է, հնարավորինս նվազեցնել նրա դիրքերը։ Եվ այդ գործողությունները միանգամից եռաստիճան համակարգով են իրականացվում՝ և՛ Թուրքիայի ներսում, և՛ Սիրիայի տարածքում, և՛ մասամբ նաև Իրաքի տարածքում։ Այսինքն՝ քանի դեռ առկա է հնարավորություն, թուրքական կողմն օգտվելով և՛ միջազգային հարթակում, և՛ տարածաշրջանային իրողություններում ընձեռված հնարավորություններից՝ փորձելու է լուծել վերոնշյալ խնդիրը։