«Այսօր Հայաստանն ավելի շատ է համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշերին, քան նախորդ ծրագրի ժամանակ»

Հայ խորհրդարանականների` ԱՄՆ այցի ընթացքում որոշում ձեռք չի բերվել «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի վերսկսման մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Մեր խնդիրը եղել է այն, որ ներկայացնենք տեղեկատվությունն ընթացող բարեփոխումների մասին: Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ ընկալում կար այն բանի, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ կանգ էր առել, Հայաստանը շարժվում է առաջ, և բարեփոխումները չեն կարող տեսանելի չլինել: Կարծում եմ՝ տեսանելի են մեր գործընկերների կողմից: Այս այցելությունով ոչինչ չի սկսվում և ոչինչ չի ավարտվում: Սրան հետևելու է ամենօրյա աշխատանք՝ ծանր ռեժիմով, և մեր նպատակն է՝ հասնել արդյունքի»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ «Հազարամյակի մարտահրավերները» դադարեցվել էր շատ ավելի քաղաքական նպատակներով: Նա հիշեցրեց, որ դա 2008 թ. էր: Ըստ նրա` ակնհայտ է, որ բարեփոխումների առումով Հայաստանը շատ ու շատ երկրներից, այդ թվում` նախկին խորհրդային, եթե Վրաստանից ետ է, ապա շատ ու շատերից առաջ է: Ա.Վարդանյանը նշեց, որ երախտագիտություն են հայտնել ԱՄՆ կառավարությանը` ՀՀ անկախության տարիներին մոտ 2 մլրդ դոլար անհատույց աջակցության համար: Նա նկատեց, որ խորհրդային որևէ այլ երկիր չկա, որ ավելի քիչ աջակցություն է ստացել: Հայաստանի դեպքում, ըստ պատգամավորի, միակ խնդիրը կոռուպցիայի հետ է առնչվում. «Իրենց մոտ, կարծես, ինֆորմացիան այդ ոլորտում ՀՀ-ի կատարած՝ և՛ ինստիտուցիոնալ քայլերի, և՛ պրակտիկ առումով, մի քիչ ուշացած է: Եվ ես կարծում եմ, որ սա երկարատև քննարկումների արդյունք պետք է լինի»:

Ա.Վարդանյանի կարծիքով` այսօր Հայաստանն ավելի շատ է համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշերին, քան նախորդ ծրագրի ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս