«Մեր թիրախը պետք է լինի երիտասարդությունը՝ նրանք ի սկզբանե չպետք է սկսեն ծխել»
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով՝ արգելված վայրերում ծխելու համար նախատեսվող տուգանքների չափերը պայմանավորված են իրավախախտումների հանրային վնասակարության բարձր աստիճանով: Ոմանք էլ նախնական սահմանված տուգանքներն օրինաչափ չեն համարում: Այնուամենայնիվ, գրեթե բոլորն էլ կարծում են, որ արգելքներն էական ազդեցություն կունենան ծխողների թվի: Մասնագետները չեն բացառում նաև ապագայում ծխախոտի պատճառով առաջացող հիվանդությունների թվի նվազումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագետները խոսեցին ծխախոտի պատճառով առաջացող և Հայաստանում բարձր մահացություն ունեցող հիվանդությունների, ծխելու արգելքների ընդունման անհրաժեշտության, ինչպես նաև տուգանքների չափի մասին:
«Առողջապահական համակարգի գործունեության գնահատման 2015-2016թթ. հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանի 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 26.2 տոկոս (տղամարդիկ՝ 53.4 տոկոս, կանայք՝ 2.3 տոկոս): Իսկ 2016-ին իրականացված ԱՀԿ մեթոդաբանությամբ STEPS ազգային հետազոտության համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմում է 27.9 տոկոս»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշն անհամեմատ փոքր է: Ծխող տղամարդիկ կազմում են 51.5 , կանայք՝ 1.8 տոկոս: Համաձայն ապացուցողական բժշկության, ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների՝ ծխախոտը նպաստում է քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, մասնավորապես չարորակ նորագոյացությունների, սիրտ-անոթային հիվանդությունների և այլն: Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80 տոկոս: Ընդ որում` մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը՝ 48 տոկոս, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները՝20 տոկոս, շաքարային դիաբետը՝ 4.2 տոկոս:
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը փաստում է՝ծխախոտն օնկոլոգիական հիվանդությունների վրա անմիջական ազդեցություն ունի, և դեռ ավելին՝ հիվանդության առաջացման առաջին խթաններից մեկն է: «Ծխախոտի ծխի մեջ կան բազմաթիվ քաղցկեղածին նյութեր: Թոքի քաղցկեղով հիվանդ մարդկանց 90 տոկոսը ծխողներ են: Այս հիվանդության ամենատարածված տեսակը տղամարդկանց մոտ հենց թոքինն է: Եվ դրա առաջացման առաջին պատճառը ծխախոտն է: Այն մեծ ազդեցություն ունի նաև միզապարկի ուռուցքի առաջացման վրա: Դա շատ վաղուց ապացուցված է, և քննարկման ենթակա չէ»,-ասաց Տեր-Մինասյանն ու հավելեց՝ ոչ ոքի չի կարելի արգելել ծխել, սակայն միանշանակ կարծում է, որ պետք է արգելել ծխել այլ մարդկանց կողքին և նրանց ստիպել նույնպես շնչել այդ թույնը:
Նրա կարծիքով՝ ժամանակին, երբ ծխախոտի արգելքի մասին օրենքն ընդունվեց առանց պատժամիջոցների, գրեթե բոլորն անտեսեցին այն: Սակայն մարդիկ սկսում են հետևել դրան միայն այն ժամանակ, երբ այն առաջացնում է ֆինանսական խնդիր: Տեր Մինասյանն արգելված վայրերում ծխելու համար նախատեսվող տուգանքներին բացարձակ դեմ չէ: Կարծում է՝ դրանք ինչ-որ չափով դրական ազդեցություն կունենան ծխողների, ինչպես նաև անուղղակի ձևով ինչ-որ ժամանակում նաև օնկոլոգիական հիվանդությունների թվի վրա:
«Օնկոլոգիական հիվանդությունները զարգանում են տարիների ընթացքում: Եվ այս օրենքի ընդունմամբ, գուցե տարիներ հետո մենք դրա դրական ազդեցությունը տեսնենք հիվանդության թվի վրա: Սակայն այն տեսանելի չի լինի ոչ 1, ոչ էլ 5 տարի հետո»,-նշեց նա:
Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ևս փաստում է՝ ունենք բազմաթիվ աշխատանքներ, որոնք ապացուցել են, որ ծխախոտի օգտագործումը որոշակիորեն նվազեցնում է կյանքի տևողությունը: Այն լուրջ ներդրում ունի սրտանոթային հիվանդությունների առաջացման համար:
«Միանշանակ ծխելը պետք է դադարեցվի, հասարակության մեջ պետք է կարողանանք մաքսիմալ նվազեցնել ծխախոտի օգտագործումը: Իմ կարծիքով և նաև առողջապահության կազմակերպիչների մոդելով՝ ծխելը դադարացնելուց հետո նրա ակնկալվող արդյունքը որոշակի ժամանակ հետո միայն կերևա: Մեր թիրախը պետք է լինի երիտասարդությունը՝ նրանք ի սկզբանե չպետք է սկսեն ծխել»,-ասաց Զելվեյանը:
Նրա կարծիքով՝ արգելքները կարող են ազդել սրտանոթային հիվանդությունների նվազեցման վրա, սակայն միայն տուգանքներն ու պատժամիջոցներն ի զորու չեն: «Չեմ կարծում, որ միայն պատժամիջոցներով և տուգանքներով կարողանանք հասնել ակնկալելի արդյունքի, այն էլ այնպիսի տուգանքներով, որոնք, իմ անձնական տեսանկյունից ՝ ռեալ չեն: Ճշգրիտ վերլուծություն և որոշակի օրինաչափություն չեմ նկատել դրանցում: Ասվում է, որ բարձր գին է որոշված, որ մարդիկ չափից վախենան և չծխեն»,-ասաց Զելվեյանն ու հավելեց, որ սոցիալական գովազդները շատ ավելի կարևոր կլինեն:
Այս տեսակետին հակառակ՝ Ալեքսանդր Բազարչյանն ասում է, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով սահմանված տուգանքների չափերը պայմանավորված են իրավախախտումների հանրային վնասակարության բարձր աստիճանով, ինչպես նաև այն հանգամանքով, որ դրանց քանակի աճը բացասաբար է անդրադառնում առաջինը դեռահասների և երեխաների վրա: Նրանք շարունակում են գտնվել երկրորդային ծխի ազդեցության ներքո, անհրաժեշտություն է առաջացնել նախագծով բարձրացնելու արդեն իսկ սահմանված տուգանքի չափերը:
«Ուստի վերանայվել են իրավախախտումների համար սահմանված տուգանքի գործող չափերը, նախատեսված նոր տուգանքները սահմանվել են բարձր, քանի որ գործող չափերը չեն համապատասխանել իրավախախտման հանրային վնասակարության աստիճանին և չեն ապահովում վարչական տույժի կանխարգելիչ ֆունկցիան: Ավելին, մի քանի երկրների փորձը դիտարկելիս կարող ենք փաստել, որ նմանատիպ իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը բավականին բարձր են»,-ասաց նա:
Մեծ Բրիտանիայում օրենքով արգելված տարածքներում ծխելու կանոնները խախտելու, օրենքով ամրագրված դրույթներին չհետևելու դեպքում առավելագույն տուգանքը կազմում է 2500 ֆունտ ստերլինգին համարժեք ՀՀ դրամ, Իռլանդիայում՝ 3000 եվրոյին համարժեք, Վրաստանում փակ հաստատություններում ծխելու դեպքում առաջին իրավախախտման համար տուգանքը կազմում է 500 լարիին համարժեք դրամ, կրկնակի իրավախախտման դեպքում՝ 2000 լարիին, իսկ սիստեմատիկ օգտագործման դեպքում՝ 5000 լարիին համարժեք ՀՀ դրամ: Ներկայում նախագիծը դեռևս քննարկման փուլում է, մասնավորապես քննարկվում են տուգանքների նպատակահարմար չափերը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Դրանով սահմանված են նաև բարձր չափի տուգանքներ՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50. 000-700. 000 դրամ: Մեքենայում ծխելու դեպքում տուգանքը նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ: Արգելված վայրերում ծխելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ նույն անձի կողմից խախտումը երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ:
Աննա Գրիգորյան