«Մշտադիտարկման համակարգն իսկապես շնչին նստելու տարբերակ կարող է լինել»

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը խոսքով չի լինում: Ձեր կարծիքով` մեր երկրում դատարանի հանդեպ քաղաքացիների վստահության վերականգնման համար ի՞նչ է հարկավոր:

– Միանշանակ, ես եմ կարծում, որ վստահությունը մեծ չէ, և հաշվարկի տարբեր ձևեր կան: Ժամանակին ասում էին` մարդկանց ընդամենը մի քանի տոկոսն է դատարաններ դիմում, և արդյունքներից շատ էլ գոհ են մնում: Ես չեմ կարծում, որ դա իրապես այդպես է, այսինքն` միայն շշուկների մակարդակով է պտտվում: Խնդիրն այն է, որ դատական համակարգը պետության հենասյուներից մեկն է և մեկը մյուսին փոխկապակցված է:

Դա ընդհանուր տնտեսական վիճակն է, հարուստներ-աղքատներ հարաբերությունը, ճեղքվածքը, որ կա, դա բիզնեսի վրա ազդեցությունն է իշխանության լծակներով, այդ թվում` դատավորների ու իրենց հարազատների, շրջապատի, իրենց բիզնեսների նկատմամբ իշխանության ազդեցությունը: Եթե ավելի գլոբալ է հարցը դրվում, ապա ես չեմ կարծում, որ կարելի է տարբեր վերափոխումների ու ռեֆորմների արդյունքում ունենալ մի իդեալական դատական համակարգ, որի նկատմամբ բոլորը վստահություն կունենան:

Խոսքը քիչ թե շատ վստահելի համակարգի մասին է, և այդտեղ միայն խոսքով չէ, ու կարծես միայն խոսք չի լինում, ինստիտուցիոնալ տարբեր ռեֆորմներ արվում են: Այսինքն` փոխվեց այդ խորհրդի կազմը, կազմավորման ձևը, դատավորների նշանակման կարգն է փոխվում, և այլն: Ինստիտուցիոնալ փոփոխություններ արվում են, որոնք որոշակի արդյունքներ կբերեն, բայց իրավական գիտակցության խնդիր կա:

Օրինակ` «Սասնա ծռերի» դատավարությունը, որ այժմ տեղի է ունենում, տեսնում ենք, որ այնտեղ միայն դատավորները չեն, որ խնդիրներ են առաջացնում, և պաշտպաների կողմից ինչ-որ քայլեր կան, որոնք տարօրինակ են, հանրային պաշտպանների համակարգի հետ կապված, նույն հասարակության, որ դիտարկում է, լրատվամիջոցների, թե ոնց են ներկայացնում, այսինքն` սա մի ամբողջություն է, և պետք է մեր սպասումները մի քիչ ավելի իրատեսական լինեն` ո՛չ չափից ավելի վատատեսական, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, և ո՛չ էլ այնպիսի մի բան, որ հիմա մի 2 ռեֆորմ կանենք և մի քանի տարուց կունենանք անկախ դատական համակարգ, խնդրի դեպքում միանգամից կդիմենք դատարան, ու ամեն ինչ կարգին կլինի:

– Գագիկ Հարությունյանը նաև հայտարարել է, որ մտադիր է մշտադիտարկման համակարգ ներդնել: Ըստ Ձեզ` այն կնպաստի՞ դատարանների արդյունավետությանը:

– Ըստ էության` մեզ համար մեր դատական համակարգի առողջության հիմնական ցուցիչը Եվրոպական դատարանի որոշումներն են, որովհետև դրանց հիման վրա մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ ցավոտ կետեր կան, և մեր աչքում այդ պատկերը քիչ թե շատ օբյեկտիվ է: Այդ ընկալումը մի կողմից՝ շատ օբյեկտիվ է, մյուս կողմից` շատ սուբյեկտիվ: ՄԻԵԴ-ի որոշումների հանդեպ վստահություն կա, և այնպես չէ, որ մարդիկ ասում են՝ այս կամ այն քաղաքական ճնշումների արդյունքում են այդ որոշումները կայացվել, և ՄԻԵԴ-ի նախադեպերը հիմնական խթաններից են մեր դատական համակարգի փոփոխության:

Եթե մեզ մոտ վճռաբեկ դատարանն ու իր ստեղծած նախադեպերն իսկապես վստահելի լինեին, այդ ժամանակ խնդիր չէր լինի այդ մշտադիտարկման, դատավորների հետևից ընկնելու, և այլն:

Բայց ես մտավախություն ունեմ, որ մենք կսկսենք կրկին օրենքի տառի պահպանման հետ աշխատել, որ, օրինակ` Բելառուսը մի երկիր է, որտեղ օրենքի գերակայությունը բավականին լավ աշխատում է, բայց իրավունքի գերակայություն չկա ընդհանրապես, նույնը ֆաշիստական Գերմանիայում էր, Սովետական Միությունում ո՛չ օրենքը կար, ո՛չ իրավունքը, այն կոռուպցիայի, կամայական որոշումների համակարգ էր:

Հիմա մենք կարող ենք մշտադիտարկումների, նմանատիպ քայլերի, դատավորների շնչին նստած վիճակում հասնենք մի պահի, որ ասենք՝ ունենք որոշակի օրենքի տառի պահպանում, բայց արդյո՞ք դա կլինի արդարացի որոշում հենց իրավունքի տեսակետից, ես այստեղ կասկածներ ունեմ:

Շատ ավելի կարևոր է, որ լինեն նախադեպերը, որոնք կշրջեն մեր համակարգը: Օրինակ` ՍԴ-ն ուներ նման մի քանի շատ լավ որոշումներ, որոնցով, ըստ էության, իրավունքի գերակայության խնդիրներ էին լուծվում, իսկ վճռաբեկ դատարանը նման նախադեպեր չունի: Ես կարծում եմ` փոփոխությունն այդտեղից պետք է գա: Իմ մտավախությունն այն է, որ մշտադիտարկման համակարգն իսկապես շնչին նստելու տարբերակ է, և դատավորների կախվածությունն է ավելացնելու, ոչ թե՝ ավելի շատ իր կողմից անկախության ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս