Բաժիններ՝

«Ցավալի իրավիճակ է». ԱԻՆ պաշտոնյան՝ գազաբալոններով կահավորված ավտոմեքենաների հրդեհների թվի մասին

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին տարիներին դրական միտում է նկատվում՝ գազալցակայանների հրդեհային անվտանգության ապահովման աստիճանի բարձրացման ուղղությամբ.

«Վերջին տարիներին մեր կողմից բավականին աշխատանքներ են կատարվել և բոլոր գազալցակայաններում տեղադրվել է հրդեհի ազդանշանի ինքնաշխատ համակարգեր, տագնապի ազդանշանը փոխանցող համակարգեր։ Հրդեհ առաջանալու դեպքում մարդու ներգործությունն այդտեղ վերանում է, անմիջապես ազդանշանը տեղափոխվում է 911 ծառայություն, և արձագանքումը շատ արագ է լինում, ինչը նպաստում է հրդեհի մեկուսացմանն ու մարմանը»։

Հայրապետյանի խոսքով՝ գազալցակայաններում հրդեհների առումով իրավիճակը բավականին բարվոք է. «Սկսած 2012 թվականից գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է 2 մարդ, վնասվածքներ ստացել՝ 8-ը։ Սա վերաբերում է միայն հրդեհներին։

Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում  գազալցակայաններում տեղի է ունեցել տեխնածին վթարների 27 դեպք, 5 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հրդեհների առումով ավելի ցավալի իրավիճակ է գազաբալոններով կահավորված ավտոմեքենաների հետ կապված։ Հայաստանն աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկն է՝ ավտոմեքենաների առումով, այդ թիվը գնալով ավելի շատանում է, և մեծանում է հրդեհների ու տեխնածին վթարների վտանգը։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 537 հրդեհի դեպք, զոհվել է՝ 19, վնասվածքներ ստացել՝ 62 մարդ»։

Նա հավելեց, որ գազաբալոնային համակարգերի հետ կապված՝ ԱԻՆ-ը օրենքով սահմանված որևէ գործառույթ չի իրականացնում. «Մենք վերահսկողություն չենք իրականացնում գազաբալոնային համակարգերի տեղադրման, վկայագրման, փորձարկումների հետ կապված։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պայթում են հիմնականում հին ավտոմեքենաներ և հին գազաբալոններ։ Հրդեհների և պայթյունների գերակշիռ մասը գազաբալոնի հետ է կապված, գազալցակայանի խնդիրը չնչին է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս