«Դա հերթական բլեֆն է»

Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կապակցությամբ Բաքուն բողոքի նոտա հղեց Վաշինգտոնին, այնուհետև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանեց նրանց: Ի՞նչ է նշանակում սա:

– Բակո Սահակյանի այցի հետ կապված, ես կարծում եմ, զարմանալու ոչինչ չկա: Ընդհանրապես` Միացյալ Նահանգները շատ ազատ են նայում Ղարաբաղյան գործոնին, Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ, և կարևոր է այն հանգամանքը, որ ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են ԼՂՀ անկախությունը: Նրանց թիվը գուցե ավելանա, դիմում են կենտրոնական իշխանություններին, որպեսզի նրանք էլ ճանաչեն:

ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին, ոչ մեծ, սիմվոլիկ գումար է, բայց նշանակություն ունի: ԱՄՆ-ի համար Ղարաբաղյան գործոնը շատ վաղուց բաց է, և իրենք չեն էլ ամաչում դիմել որևէ քայլի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հիստերիային, իհարկե, դա պետք է այդպես լինի, որովհետև, ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քաղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերվում նման հարցերին` Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցիները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, և, եթե ԱՄՆ-ի նման պետությունը ճանաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնորոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է:

Միակ փաստարկը, որ Ադրբեջանի մոտ կար, և ինքն իր պահանջները ներկայացնում էր և շարունակում է ներկայացնել, դա այն է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը՝ որպես իրենց սուվերեն տարածք: Իրենք որևէ ուրիշ փաստարկ չունեն: 25 տարի է, իրենք իրենց քաղաքականությունն այդ թեզի վրա են կառուցել, և հանկարծ, երբ երկրները փաստորեն դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղը, իհարկե, իրենց համար դա անընդունելի բան է: Ի վերջո, Բաքվում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների երեկվա հավաքի միակ նպատակը դա էր, որ Ադրբեջանը ցույց տա բոլորին, թե՝ տեսեք, տարածաշրջանի երկրներ նույնպես ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունը:

Ուղղակի իրենք չկարողացան հասնել դրան, որ Ղարաբաղի խնդիրն ինչ-որ ձևով ձևակերպվեր հայտարարության մեջ: Սակայն ընդգծել են, որ բոլոր երկրները պաշտպանում են գոյություն ունեցող սահմանները: Դրա համար ամեն ինչ իր տեղում է, իրենք իրենց գործն են անում, Ղարաբաղն էլ իր գործն է անում:

Բաքվում այդ նախարարների հանդիպման հետ կապված՝ Հայաստանում մեկնաբանություններ են հնչում, որ մեր երկիրը մեկուսացվում է: Համամի՞տ եք, նման պահ կա՞ այդտեղ:

– Մեկուսացումը ո՞րն է: Բոլոր այդ պետությունները տարածքային ամբողջականության խնդիր ունեն, իրենք հավաքվել են միայն այդ հարցով, այնտեղ որևէ ուրիշ հարց չկա:

Իսկ Իրա՞նը:

– Իրանը նույնպես: Անխտիր բոլոր այդ երկրները, բացի Հայաստանից, հետաքրքիրը դա է, բոլորն էլ վտանգ ունեն իրենց տարածքային ամբողջականության համար և դրա համար էլ հայատարարել են, որ միասնական ջանքեր կգործադրեն` պահպանելու այն, ինչ գոյություն ունի: Մենք այդ աչքով պետք է նայենք: Ուրիշ ի՞նչ է եղել, ոչ մի բան չի եղել այնտեղ:

Եթե ԱՄՆ-ը հատուկ շեշտում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, առաջ է քաշել հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման հարցը, որն ինչ-որ առումով ֆիքսելու է գոյություն ունեցող սահմանը, նշանակում է՝ ԱՄՆ-ը հաստատո՞ւմ է, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք:

– Որպես քաղաքական գործոն՝ Ղարաբաղը շատ վաղուց ճանաչված է, և հիմա էլ իրենք երաշխիքների մասին են խոսում:

Հնարավո՞ր է, որ նրանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ժամանակն է ճանաչել իրողությունները, այդ իրողությունները ճանաչի նաև Արցախի պարագայում, և Արցախի ճանաչման հարց բարձրացվի:

– Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունները չլռեին ապրիլյան պատերազմից հետո, այդ ճանապարհը մենք վաղուց անցած կլինեինք: Բայց Հայաստանն ինքն է հետ կանգնել այդ պահանջից: Լավ հիշում ենք, 2016-ից հետո ռուսները Հայաստանի բերանը լավ փակեցին, անգամ երկար ժամանակ չէինք էլ պնդում, որ մեխանիզմներ տեղադրելու այդ առաջարկը Հայաստանի պահանջն է: Անգամ Հայաստանն է հետ կանգնում` Ռուսաստանի ազդեցության տակ: Ռուսաստանը դա շատ գեղեցիկ օգտագործում և շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Դա հիմնական խոչընդոտն է ոչ միայն այդ հարցում, ընդհանրապես` քանի անգամ են ԱՄՆ և մյուս դեսպաններն ասել, որ կոռուպցիան այս երկրի անվտանգությանը հարվածող երևույթ է: Այսինքն` Հայաստանն ինքն է դարձել իր խնդիրներից կախված ծանր նժարի պես մի բան: Եթե ՀՀ գործունեությունը շատ ավելի ակտիվ ու ազատ լիներ, ուրիշ երկրները շատ ավելի մեծ քայլեր կանեին:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Ի՞նչ է փոխվել ՌԴ դիրքորոշման մեջ:

– Ոչ մի բան էլ չի փոխվել, հերթական բլեֆն է, արդեն մի քանի փորձագետներ ադրբեջանական մամուլին ասել են, թե դա սուտ է, ՌԴ-ն շարունակելու է զենքի մատակարարումը: Իրենց խաղն է, ուրիշ որևէ բան չկա:

Պարոն Սարգսյան, ապրիլին Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

– Որևէ փոփոխություն չի լինի, նույն մարդիկ են մնում, ամեն ինչ իր տեղում է մնում: Իշխանության փոփոխությունից քաղաքականությունը չի փոխվում: Սուվերեն քաղաքականություն չկա: Այս իշխանությունները Ռուսաստանի և համապատասխան՝ Ադրբեջանի շահերից են գործում: Կարծում եմ, որևէ միամիտ մարդ էլ չկա, որ ապրիլյան պատերազմից հետո դրանում համոզված չէ:

Տեսանյութեր

Լրահոս