«Ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամը հիշեց Ռոբերտ Քոչարյանին

«Քանի որ Սերժ Սարգսյանը երբևէ այլ օրինական ռեսուրս չի ունեցել, նա իր կառավարման փիլիսոփայության հիմքում դրել է սուտը, կեղծիքը և ամեն կերպով վերարտադրվելը»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ խաղաղ իշխանափոխություն լինի, այնպիսի ըմբոստության հնարավորություն ստեղծվի, որ ճնշման տակ իշխանությունները հասկանան, որ պետք է թողնեն ու հեռանան. «Սերժ Սարգսյանի չլինելը քանդելու է համակարգը և ավելի է հեշտացելու համակարգի փլուզումը կամ փոփոխությունը: Ավելի վատ երբևէ չի եղել մեր երկրի վիճակը: Կուզի՝ Շարմազանովը թող սերենադներ երգի Սերժ Սարգսյանի հասցեին, թող Աշոտյանը նույնպես միանա այդ երգերին, թող մնացած երիտասարդները, ծերերը և պնակալեզներն ասեն, որ նա անփոխարինելի է, որ նա փայլուն գործիչ է… Այո, իսկապես անփոխարինելի է, որովհետև 380 հազար մարդ որևէ մեկի օրոք չի լքել երկիրը: Ինչո՞ւ պետք է մարդը գլխապատառ հեռանա: Չկա այդպիսի երկիր, որի ղեկավարը ճիշտ ու նորմալ է կառավարել, ու այդ երկրում լինի 1 միլիոն աղքատ, 40 տոկոս քաղցած երեխա»:

Նա նկատեց, որ այդ ցուցանիշներն ունեցող մարդուն որակում են՝ որպես անփոխարինելի բանակցող, բայց, ըստ նրա, Ս. Սարգսյանը միայն տապալումներ ու ձախողումներ է ունեցել. «Ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը, գոնե իրենից առաջինը Սահմանադրություն չփոխեց երրորդ անգամ վերարտադրվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս