Թեհրանում վերջին հրաժեշտն են տվել իրանահայ դերասան Լևոն Խանգալդյան Հաֆթվանին
Իրանական թատրոնում և կինոյում կարևոր դերակատարություն ունեցող իրանահայ դերասան Լևոն Խանգյալդյան Հաֆթվանին վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում:
Վերջին հրաժեշտի արարողությունը կատարվել է մարտի 12-ին Թեհրանի «Կինոյի տան» մոտ՝ ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների և հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ: Այնուհետև դերասանի դին հողին են հանձնել հայոց գերեզմանատանը:
Իրանահայ դերասան Լևոն Խանգյալդյան Հաֆթվանին սրտի կաթված էր ստացել մարտի 10-ին «Մթության հարսնացուն» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։
Լևոն Խանգյալդյան Հաֆթվանին իրանական թատրոնում և կինոյում ճանաչված դերասան էր: Որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2017) և այլ ֆիլմերում: Նա նաև բեմադրել է շատ պիեսներ, որոնցում ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան: Դրանցից են Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտուան Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Յալտայի խաղը» և նաև շատ այլ պիեսներ:
Լևոն Խանգյալդյան Հաֆթվանը ծնվել է 1966-ին Թեհրանի Հեշմաթիե երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը և նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան: