
Ավելի քան 60 երկիր է մասնակցում Կատարում բացված ռազմածովային ցուցահանդեսին

60-ից ավելի երկրներ են ռազմական նշանակության իրենց արտադրանքը ներկայացրել Կատարի DIMDEX ռազմածովային ցուցահանդես-խորհրդաժողովին, որը մարտի 12-ին Դոհայում բացվել է տասներորդ անգամ:
Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից ժամանած 180 ընկերություններ, ինչպես նաեւ 60 բարձրաստիճան զինվորական պատվիրակություններ, որոնցից 16-ը գլխավորում են պաշտպանության նախարարները:
Ցուցահանդեսում ամենախոշոր ցուցադրանքները պատկանում են ԱՄՆ-ին եւ Թուրքիային, որոնք ռազմաբազաներ ունեն Կատարում: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցելու համար Մերձավոր Արեւելքի Համադ խոշորագույն նավահանգիստ են ժամանել յոթ պետությունների 11 ռազմանավեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիրներ: Ցուցահանդեսի կազմակերպիչների տվյալներով՝ պարտավորագրերի ծավալը, որոնք կնքվել են DIMDEX նախորդ հինգ ցուցահանդեսների ընթացքում, կազմել է ավելի քան 31 միլիարդ դոլար: