«Իսկ ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն նոր թեկնածու առաջադրի, ո՞րն է պատճառը, ինչի՞ց դրդված». Ռուբեն Մեհրաբյան
Պատերազմող երկրի համար երկրի գերագույն գլխավոր հրամանատարի անձը շատ կարևոր է: 168.am-ի հետ զրույցում նկատեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, ռազմական բժիշկ Ռուբեն Մեհրաբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չպետք գերագույն գլխավոր հրամանատարի անձը գերագնահատել:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ՝ ՀՀ վարչապետն է լինելու գերագույն գլխավոր հրամանատար: ՀՀԿ-ական բազմաթիվ գործիչներ այս օրերին բարձրաձայնում են այն մասին, որ Սերժ Սարգսյանն անվտանգության խնդիրների առումով անփոխարինելի է, և հենց դրա համար նա պետք է լինի ՀՀ վարչապետը:
Ռ. Մեհրաբյանը գտնում է, որ հռետորաբանությունը, որ հիմա գործածվում է, կարող է լինել շատ բազմազան, լայն դիապազոնով. «Այստեղ էականը հետևյալն է: Հայաստանում այսօր, անկախ նրանից՝ ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, ով դրան կողմ կամ դեմ է եղել, Սահմանադրությամբ սահմանված է պառլամենտական կառավարման համակարգ, ՀՀ-ում կայացել են պառլամենտական ընտրություններ, որի արդյունքում ձայների ջախջախիչ մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ն, որն էլ և առաջադրելու է վարչապետին, կուսակցությունն ունի ղեկավար և իր ղեկավարին առաջադրելու է՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում: Մենք գործ ունենք այս իրողության հետ, մնացածը հռետորաբանության և լիրիկայի խնդիր է, որը վերաբերմունքի հարց է»:
Հարցին՝ Հայաստանի նման երկրի համար գերագույն գլխավոր հրամանատարի անձն ինչքանո՞վ է կարևոր, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր պետությունների մոտ էլ շատ կարևոր է նաև գերագույն գլխավոր հրամանատարի անձը, ու դրանից շատ բան է կախված, չնայած դա չպետք է նաև գերագնահատել, որովհետև ավելի կարևոր են ինստիտուտները, որովհետև անձ ասելով՝ պետք է հասկանանք, որ նա երբևէ անթերի չի լինելու, երբեք սուրբ չի լինելու, ու որպեսզի իր այդ անկատարությունը ճակատագրական հետևանքներ չունենա պետության համար, դրա համար գոյություն ունեն ինստիտուտներ, իշխանությունների տարանջատման ինստիտուտ: Պետությունը դրախտ չէ, դրախտից մեզ վաղուց վռնդել են և հետ չեն ընդունելու: Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ կյանքը դժոխքի վերածվի»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ եթե, ի վերջո, ՀՀԿ-ն որոշի Սերժ Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրել վարչապետի պաշտոնում, գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխությունն ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել պատերազմող երկրի համար: Ի պատասխան՝ Ռ. Մեհրաբյանը նախ ասաց, որ հարցը շատ հիպոթետիկ է. «Ես հիմքեր չեմ տեսնում, իսկ ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն նոր թեկնածու առաջադրի, ո՞րն է պատճառը, ինչի՞ց դրդված: Դա շատ հիպոթետիկ հարց եմ դիտարկում, որը կարող է ունենալ հիպոթետիկ պատասխան. եթե այլ թեկնածու կառաջադրեն, կիմանանք՝ ով է, կասենք»: