Բաժիններ՝

Սլովակիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել լրագրողի սպանության հետաքննության ֆոնին

Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է, պաշտոնաթող է լինում: Այդ մասին հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները: Կալինյակը թողնում է ոչ միայն երկրի ՆԳ նախարարի պաշտոնը, այլեւ իր զբաղեցրած փոխվարչապետի պաշտոնը: «Կարեւոր է պահպանել կայունությունը, ուստի ես որոշեցի թողնել փոխվարչապետի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնը»,-հայտարարել է Կալինյակը:

Ավելի վաղ Բրատիսլավայում եւ Սլովակիայի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել կոռուպցիայի դեմ, որոնց մասնակիցները, մասնավորապես, պահանջել են ՆԳ նախարարի հրաժարականը: Բողոքի ակցիաները հետեւել են լրագրող Յան Կուցիակի սպանությանը: Մարտի սկզբին Կալինյակն ասել էր, որ հրաժարական չի տա, հայտարարելով, որ իր խնդիրը լրագրողի սպանության «հետաքննության հաջողությունն ապահովելն է»:

Փետրվարի վերջին հայտնի է դարձել, որ Բրատիսլավայի մերձակա Վելկա Մաչա բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են Կուցիակի եւ նրա հարսնացուի՝ Մարտինա Կուշնիրովայի մարմինները: Սլովակյան ԶԼՄ-ները գրում էին, որ լրագրողն սպառնալիքներ էր ստանում: Սպանության պահին Կուցիակը լրագրողական հետաքննություն էր անցկացնում, այն անավարտ է մնացել:

Հետաքննության ընթացքում լրագրողն ուսումնասիրում էր այն հարցը, որ իտալական Նդրանգետա մաֆիական կազմակերպությունը, հավանաբար, փող էր ուղարկում Սլովակիա, ներդրումներ անում անշարժ գույքի ոլորտում եւ տարբեր ձեռնարկություններում, ինչպես նաեւ կապեր զարգացնում Սլովակիայի քաղաքական գործիչների հետ:

Կուցիակի սպանությունից հետո իր պաշտոնաթողության մասին հայտարարեց Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը: Նա նշեց, որ տեղի ունեցածից հետո չի կարող «հանգիստ նստել նախարարական աթոռին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս