«Էլեկտրական շարժիչով մեքենայի ներմուծման համար բնապահպանական վճար են գանձում․ դա աբսուրդ է». իրավապաշտպան
ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. ընթացքում ավտոմեքենաները ներմուծելիս, օրինակ՝ Ճապոնիայի դեպքում, հնարավորություն էր ընձեռվում հաշվի առնել ավտոմեքենաների ինվոյսային արժեքները, և մաքսազերծում իրականացնելիս հիմք էին ընդունվում քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերը.
«Վրաստանից, ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծելիս ինվոյսային արժեքները հաշվի չէին առնում, համարվում էր, որ ներկայացված փաստաթղթերն արժանահավատ չեն, և կիրառվում էին հսկիչ գներ։ Իսկ 2018թ. հունվարից Մաքսային կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվեց ավտոմեքենաների մաքսազերծման գները, որոնց արդյունքում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենային պլանավորել, թե ինչ գնով կարող են մաքսազերծել, պետությունն էլ հնարավորություն կունենար խուսափել կոռուպցիոն ռիսկերից։ Սակայն, տարբեր քաղաքացիներ միևնույն մոդելի ավտոմեքենան նույն գնով չեն ձեռք բերում։ Դա կախված է ավտոմեքենաների տեխնիկական վիճակից, վազքից, մի շարք հանգամանքներից»։
Խաչատրյանն ասաց, որ իրենց դիմել են մի շարք քաղաքացիներ, ովքեր 2017թ. վերջին են մեքենա ձեռք բերել և նախապես չեն կարողացել իմանալ, որ հունվարից կարգ է փոխվելու. «Այսինքն՝ նոր ստացել են մեքենաները և ստիպված են մաքսազերծում իրականացնել Մաքսային կոմիտեի կողմից ներկայացված գներով։ Մենք դիմումներ ենք ներկայացրել Մաքսային կոմիտե՝ որոշակի դեպքերի առնչությամբ։ Օրինակ՝ էլեկտրամոբիլի մաքսազերծման ժամանակ գանձվել էր բնապահպանության վճար, որը աբսուրդ է։ Համապատասխան պաշտոնատար անձինք պետք է ուշադրություն դարձնեն դրան։ Այլ երկրներում ոչ միայն բնապահպանության վճար չկա, այլև մաքսավճար չկա, որովհետև պետությունը խթանում է նման մեքենաների ներմուծումը»։
Նա հիշեցրեց, 2017թ. հոկտեմբերի 12-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի տված հանձնարարականը, որը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելուն։ Միևնույն ժամանակ, նա ցույց տվեց ներմուծման փաստաթուղթ, որում նշված էր, թե էլեկտրական շարժիչով մեքենայի շարժիչն ունի 800 խմ ծավալ, իսկ էլեկտրամոբիլը նման շարժիչի ծավալ ունենալ չի կարող.
«Ակնհայտ երևում է, որ այլ մեքենայի անվան տակ են ձևակերպել, որովհետև էլեկտրամոբիլը չի կարող ունենալ բնապահպանության վճար և շարժիչի ծավալ»։
«Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ նկատեց՝ շատերը փորձում են Ճապոնիայից ավելի ցածր գնով մեքենա ձեռք բերել, բայց իրականում ավելի թանկ է նստում.
«Մաքսայինում վերջին 2 տարիներին հարաբերական անդորր էր տիրում, և թեկուզ մեծ դժվարությամբ՝ հնարավոր էր լինում ձեռքբերման փաստաթղթերը ներկայացնել։ Դեպք է եղել, որ ասել են՝ բենզինի չեկը թարգմանիր՝ բեր, հետո ասում էին՝ ապացուցիր, որ դա տվյալ մեքենայի համար է։ Ծիծաղելի է նաև էլեկտրամոբիլների համար գանձվող բնապահպանական վճարը։ Նաև մեծ խնդիր է ձեռքբերման արժեքի հարցը, որը մարդկանց խնդիրների առաջ է կանգնեցնում»։