
Գիտնականները հիշողությունը բարելավելու նոր միջոց են գտել

Բիրմինհամի եւ Յորքի համալսարանների գիտնականները բացահայտել են ուղեղի ակտիվության տիպ, որը կապված է քնի մեջ տեղեկատվությունը հիշելու եւ մշակելու հետ: Այս մասին գրել է Eurekalert-ը:
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել քնի շպինդելների՝ ուղեղի ակտիվության ալիքների վրա, որոնք կարելի է տեսնել էլեկտրաէնցեֆալոգրամի (ԷԷԳ) միջոցով: Գիտնականներին հետաքրքրել է, թե դրանք ինչպես են ազդում քնի մեջ հիշողության աշխատանքի վրա: Դրա համար մասնագետները կատարել են գիտափորձ. մասնակիցներին խնդրել են քնից առաջ հիշել բառերի եւ օբյեկտների պատկերների միջեւ կապը:
Երբ մարդիկ ննջել են, նրանց համար կրկնել են այդ բառերի կեսը, որպեսզի գործի դնեն հիշողության ռեակտիվացման գործընթացը: Հետո, երբ մասնակիցներն արթնացել են, նրանց ասել են բառը եւ խնդրել հիշել ճիշտ զուգորդումները: Պարզվել է, որ ամենից լավ հիշվել են այն բառերի պատկերներն ու տեսարաննները, որոնք գիտնականները կրկնել են մասնակիցների համար, երբ նրանք քնած են եղել:
ԷԷԳ-ի արդյունքները ցույց են տվել, որ հենց այդ պահին են առաջացել քնի շպինդելները: Բիրմինհամի համալսարանի Հոգեբանության դպրոցից Բեռնհարդ Ստարեսինայի խոսքով՝ էլեկտրոդներով շպինդելների խթանումը կարող է դառնալ հիշողության բարելավման միջոցներից մեկը: Գիտնականները ենթադրում են, որ իրենց հայտնագործությունը կօգնի այն մարդկանց, որոնց դժվարությամբ է տրվում ուսուցումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: