«Դա լրջագույն վտանգ է Հայաստանի և, ընդհանրապես, հայության համար». Կարեն Վերանյան

Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարոն Վերանյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում խոսելով Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին՝ հայտարարել է, որ ներկայիս ստատուս-քվոն Արցախում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Շեֆերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը։

– Նորություն չկա հայտարարության մեջ այն առումով, որ մշտապես էլ ասվել է՝ Արցախյան հարցի լուծումը ռազմական ճանապարհով չի կարող լինել, համանախագահ երկրները մշտապես հայտարարել են այդ մասին։ Դա հայտարարել է նաև հայկական կողմը, ինչպես նաև՝ արցախյան կողմը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ հիմնականում ռազմական ագրեսիայի դիրքերից հանդես եկող կողմ է հանդիսանում, և այդ ռազմատենչ հայտարարությունները միանշանակ հնչում են ադրբեջանական կողմից։ Ինչ վերաբերում է ամերիկացի համանախագահի բուն հայտարարությանը, ապա, միանշանակ, նախ՝ հակամարտող կողմերին շահավետ է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, այլ հարց է, թե փոխզիջման ինչ տարբերակներ է հնարավոր գտնել։ Մի բան ակնհայտ է, որ միջազգային հանրությունը փորձում է հնարավորինս մոտեցնել իրենց դիրքորոշումը՝ ընդհանուր հայտարարով հանդես գալու հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Բայց որքան էլ փորձագիտական հիմնական գնահատականներով նշվում է, թե միջազգային հանրությունը արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված միահամուռ դիրքորոշում ունի, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտները, Ռուսաստան-ԱՄՆ տարակարծությունները, ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում առկա որոշակի լարվածությունները, ամեն դեպքում, չկա ընդհանուր կոնսենսուս։

Որոշ ժամանակ առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից առանձին այցելեց Ադրբեջան. դա էլ հետաքրքիր, ուշագրավ մեսիջ է, այսինքն՝ ամերիկյան կողմը փորձում է հնարավորինս իր ուղիղ գիծը տանել՝ անկախ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից։ Իհարկե, սա չի նշանակում, որ չհամաձայնեցված քաղաքականություն է և կարող է հակասել ԵԱՀԿ ՄԽ ընդհանուր մոտեցումներին՝ արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Ռուսաստանն էլ է փորձում այդպես անել. Լավրովի մոտեցումները, Լավրովի դիվանագիտությունն անընդհատ դրա մասին են խոսում։ Մենք հիշում ենք, որ Լավրովը այցելություններ իրականացրեց, հանդիպումներ ունեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այսինքն՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը փորձում են իրենց խաղը տանել, բայց որքանով դա կհաջողվի, շատ դժվար է ասել. ավելի շուտ՝ կարելի է ասել, որ չի հաջողվի այն առումով, որ հակամարտող կողմերի միջև չկա ընդհանուր երկխոսության տրամաբանություն, և դա ադրբեջանական կողմի քաղաքականության, ռազմավարության պատճառով է։ Ալիևը մշտապես շարունակում է պահպանել լարվածությունը հակառակորդ կողմերի շփման գծում։ Եվ, առհասարակ, քաղաքական դաշտում նույնպես չկա ընդհանուր մոտեցում՝ այդ հարցի լուծման հետ կապված։

Փոխզիջումային հարցի հետ կապված, իհարկե, կարող են ժամանակ առ ժամանակ հայտարարություններ անել, բայց ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ քանի դեռ ադրբեջանական կողմը չունի կառուցողական մոտեցում, բնականաբար, հակամարտող կողմերի միջև չի կարող լինել ընդհանուր կոնսենսուս այս կամ այն հարցի շուրջ։ Տեսեք՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները եղան, ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով պայմանավորվածություն եղավ դիտորդական կազմն ընդլայնելու վերաբերյալ, բայց որքանո՞վ դա կիրականացվի, որքանո՞վ կառուցողական, հետևողական կստացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից այդ հարցին վերջնական լուծում տալ, շատ դժվար է ասել։ Ադրբեջանական կողմը մշտապես այդ լարվածությունը պահպանում է, չի թողնում՝ գոնե պայմանական առումով խաղաղության ինչ-որ ատրիբուտներ լինեն, որպեսզի այդ ամենը ռեալիզացվի։

– Այսինքն՝ որևէ դրական սպասելիք պետք չէ ունենալ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից, և ամերիկացի համանախագահի հայտարարությունը որևէ բան չի փոխի Ադրբեջանի մոտեցումներում։

– Տեսեք՝ նույն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում վերջին կես տարվա կտրվածքով լարվածություն կա։ ԱՄՆ Կոնգրեսում երկու հակաադրբեջանական բանաձև-զեկույց ընդունվեց։ ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում որոշակի լարվածություն կա, այնտեղ էլ ԵԽ ԽՎ-ում հակաադրբեջանական բանաձև ընդունվեց, կրկին մեծ աղմուկ բարձրացավ։ Կարծում եմ՝ ամերիկյան կողմը հնարավորինս փորձում է պայմանավորել այս փուլում արցախյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության հետ. Այսինքն՝ սա հնարավորություն է ամերիկյան կողմի համար՝ ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանսւթյունների վրա, առավել ևս, որ ապրիլին նախատեսվում են նախագահական ընտրություններ, և գաղտնի չէ, որ Ալիևը տոտալ կերպով վերահսկելու է թե՛ մամուլը, թե՛ քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտն առհասարակ տապալված է, և որևէ լուրջ շարժում դժվար թե լինի։

Այս տեսանկյունից Վաշինգտոնում կա որոշակի մտահոգություն, որ Ադրբեջանն ամեն դեպքում այս տոտալ վերահսկողությամբ է՛լ ավելի է նպաստում արցախյան հակամարտության, Հարավային Կովկասում անվտանգության խաթարմանը։ Եվ, իհարկե, պետք է հաշվի առնել այն, որ ԱՄՆ-ը իր շահերն ունի Հարավային Կովկասում՝ թե՛ Ադրբեջանի հետ կապված, թե՛ Հայաստանի, և սա հնարավորություն է՝ Ադրբեջանի ներքաղաքական դաշտի վրա ազդելու։ Այս հայտարարությունն այս տեսանկյունից կարելի է դիտել։ Բայց չեմ կարծում, որ դրական առումով լուրջ սպասելիքներ պետք է լինեն ստատուս-քվոյի փոփոխության վերաբերյալ, կամ, որ կողմերը կարող են գալ ինչ-որ փոխզիջումային տարբերակների, մանավանդ, որ Հայաստանում և Ադրբեջանում անցումային փուլեր են։ Այս ացնումային փուլերում կարող է լարվածություն լինել, բայց ընդհանուր կարգավորման մասին, որ գոնե փուլային լինի, չեմ կարծում, որ ունենանք լուրջ հաջողություններ։

– Ադրբեջանը սկսում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, որին կմասնակցի երկու տասնյակ հազարից ավելի անձնակազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորավարժություններին փորձարկվելու է լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը։ Սա ի՞նչ իրավիճակ կստեղծի. կարծիքներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։

– Մինչև ապրիլ գրեթե բացառված է նմանատիպ գործողությունների նախաձեռնումն Ադրբեջանի կողմից, ինչպես նշեցի՝ դա պայմանավորված է ներքաղաքական իրավիճակի, ներիշխանական գործընթացներով։ Եվ հավելյալ բարդություններ առաջացնել՝ լայնամասշտաբ գործողություններ սկսելով, չեմ կարծում, որ իրատեսական է, որովհետև միանշանակ է, որ Ալիևի դիրքերը ադրբեջանական հասարակությունում բավականին թույլ են, հակահայկականության վրա հիմնված իր պրոպագանդիստական քաղաքականությունը վաղ թե ուշ պայթելու է։

Ադրբեջանի հասարակությունը բավական գիտակից է և հասկանում է, որ հակահայկականության, այլատյացության հենքի վրա կառուցել և պահպանել իշխանությունը, կարող է շատ կարճ ժամանակ տևել։ Այնպես որ, չեմ կարծում, որ մինչև ապրիլ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմի, քանի որ իր դիրքերը դրանից կթուլանան, և շատ մեծ հավանականություն կա, որ հեղաշրջում կլինի, և միգուցե թալիշներն ակտիվանան, չի բացառվում, որ լուրջ խմորումներ լինեն, որովհետև 90-ականներից հետո այնտեղ կուտակվել են և՛ սոցիալական, և՛ ազգային, և՛ մշակութային խնդիրներ։

Ալիևին զսպող հիմնական խնդիրն իշխանության պահպանումն է։ Եթե Ալիևը լայնածավալ գործողությունների դիմի, չի բացառվում, որ հայկական կողմն ունենա որոշակի հաջողություններ՝ երկարատև գործողությունների ժամանակ, որովհետև ինքը բլից-կրիգների վրա է հույսը դնում։ Եթե դա լայնածավալ գործողությունների վերածվի և լինի երկարատև, բանականաբար, այնտեղ կարող են խմորումներ առաջանալ, հասարակության մեջ լինեն դժգոհություններ։ Բայց նորից եմ ասում, որ չեմ կարծում՝ լայնածավալ գործողությունների գնա Ադրբեջանը։ Այս սպառազինությամբ, նման ռազմական տեխնիկայի կուտակմամբ ռազմական գործողությունների վերսկսումը ճակատագրական կլինի, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։ Ամեն դեպքում, չնայած նշված հանգամանքներին՝ Ալիևի, Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարություններին, թե Երևանը պետք է նվաճեն, պետք է լուրջ վերաբերվել։ Չնայած՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունների խնդիրը ոչ թե Երևանի գրավումն է կամ լայնամասշտաբ գործողությունների նախաձեռնումը, բայց որևէ սցենար չպետք է բացառել, պետք է լուրջ մոտենալ և զավեշտի չվերածել նմանատիպ հայտարարությունները։

Այստեղ կա լուրջ խնդիր՝ միջնաժամկետ առումով, քանի որ, եթե նրանք այսօր հնարավորություն չունեն դիմել այս կամ այն գործողությանը, թեկուզ՝ բլից-կրիգների հետ կապված, դա չի նշանակում, որ մոտ ապագայում որևէ խնդիր իրենց առջև միջնաժամկետ առումով չեն դնի։ Երբ հայկական կողմը ձեռք բերեց «Իսկանդերները», դրանից հետո Ալիևն ակտիվացրեց ռազմականացման իր միտումները Նախիջևանում, որտեղ հիմա շատ ակտիվ պրոցեսներ են տեղի ունենում, և հիմնականում Նախիջևանում կուտակում են ոչ այնքան պաշտպանողական ռազմական տեխնիկա, որքան հարձակողական։ Սու-25-երի տեղակայման հանգամանքը, փորձարկումները շատ կարևոր ցուցիչներ են, շատ կարևոր մեսիջներ են, Ադրբեջանը ցույց է  տալիս, որ, եթե դուք «Իսկանդերներ» եք ձեռք բերում, ապա չի բացառվում, որ մենք Նախիջևանի ուղղությամբ ակտիվացնենք մեր ջանքերը՝ դեպի Երևան, որովհետև հեռավորությունը Երևանից ընդամենը 60 կմ է, այդպիսով՝ սպառնալիքի տակ պահելով Երևանը։ Իսկ դա լրջագույն վտանգ է Հայաստանի և, ընդհանրապես, հայության համար։

– Նախիջևանում պարբերաբար զորավարժություններ անցկացնում, Դուք էլ նշեցիք, որ Ադրբեջանը կուտակվում է մեծ տեխնիկա, նաև Թուրքիան է ակտիվ ռազմական տեխնիկա կուտակում Նախիջևանում։ Այս պայմաններում հայկական կողմի անելիքները որո՞նք պետք է լինեն։

– Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, Թուրքիան ակտիվորեն նպաստում է Նախիջևանի ռազմականացմանը։ Ապրիլյան գործողություններից հետո Նախիջևանում անցկացված զորավարժությունների թվաքանակն էապես մեծացել է։ Սա կարևոր ցուցիչ է, և, բնականաբար, որևէ հիմք չկա բացառելու, որ, եթե Արցախյան ուղղությամբ գործողությունները վերսկսվեն, Նախիջևանում էլ ադրբեջանական կողմը փորձի ակտիվացնել լարվածությունը։ Չնայած՝ հիմա հանգիստ է, բայց դա սառեցված հանգստություն է, և լատենտային գործընթացներ են այնտեղ տեղի ունենում, որոնց մշտապես պետք է հետևել։

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա շատ եմ կարևորում վերջին շրջանում հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրի վավերացումը, դա շատ կարևոր է. հիմա հայկական կողմը ռուսական կողմի հետ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է  իրականացնում, ինչը մեծամասամբ ուղղված է Նախիջևանին։ Այսինքն՝ Ռուսաստանն իր հերթին՝ տեսնելով, որ Նախիջևանում Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ ջանքերով նպաստում է Նախիջևանի ռազմականացմանը, հաասարակշռությունը պահպանում է՝ Հայաստանի հետ համատեղ նման զորամիավորման ստեղծմամբ։ Եթե ուշադիր լինեք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանն արդիականացման աշխատանքներ է իրականացնում Գյումրու ռազմաբազայում, այնտեղ նորագույն ռադիոլոկացիոն կայաններ տեղադրվեցին, որոնք հսկում են Թուրքիան, Նախիջևանը։ Այնպես որ, բալանսը պահվում է, բայց հայ-ռուսական անվտանգության ռազմական առումով, համատեղ գործընթացներից բացի՝ Հայաստանը պետք է նաև ինքնուրույն լուրջ քայլեր իրականացնի։ Պետք է Նախիջևանի ուղղությամբ է՛լ ավելի ակտիվ քաղաքականություն և ռազմական նախաձեռնություններ իրականացնենք։ Եթե մինչև այժմ Նախիջևանը սառեցված վիճակում էր, լարվածություն կողմերի միջև չկար, հիմա փոխվել է իրավիճակը, և պետք է բավականին լուրջ վերաբերվել այս գործընթացներին։

Մեր զինվորական և փորձագիտական որոշ շրջանակների մոտ կա տեսակետ, որ Նախիջևանում ադրբեջանական և թուրքական ռազմական տեխնիկայի կուտակումը հիմնականում պաշտպանողական նպատակներով է իրականացվում, բայց նորից եմ կրկնում ՝ կուտակված տեխնիկան գերազանցապես հարձակողական է։ Այսինքն՝ լուրջ խնդիր ունենք և պետք է օբյեկտիվ գնահատենք իրավիճակը։ Մենք ունեցանք ապրիլյան գործողություններ և երկրորդ նման գործողւթյուններին պետք է լավագույնս պատրաստ լինենք։

Տեսանյութեր

Լրահոս