«Մեր երկրում, ուզեն-չուզեն, կանանց տեղ են տալիս, ուզեն-չուզեն, վախենում են, արդեն կեղտաջրերից էլ են վախենում». Անահիտ Բախշյան
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանի համար ամբողջ գարունը կանացի տոն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ գարնանային ամեն օր կարելի է կանանց ոգեշնչել, սեր բացատրել. «Իսկ այս միամսյակը ևս մի առիթ է՝ կանանց մեծարելու։ Կանայք ունեն իրենց լուրջ դերն ու դերակատարումը, կյանքի ընթացքում բոլոր ոլորտներում մենք այդ ազատությունը պետք է զգանք։ Տոնը գեղեցկության և գարնան տոն է, իսկ կանանց իրավունքներն ու ազատություններն ամենօրյա խնդիր են»։
Գրականագետ Անուշ Սեդրակյանը նկատեց՝ կներեք, ՁԻԱՎ-ի դեմ էլ ենք ամեն օր պայքարում, բայց հատուկ օր կա. «Մարտի 8-ն էլ այդպիսի օր է, որ մենք ունենք կանանց իրավունքների նշումը։ Կանանց իրավունքների տոն պետք է, բայց Հայաստանում ամեն օր պետք է ընթանա կանանց իրավունքների համար պայքարը»։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի սիրում կանանց տոները. «Ֆեմինիստ չեմ, բայց կարծում եմ, որ այսպիսի տոն սահմանելը, այս տոնը ֆետիշացնելը, նման մեծ աղմուկը միայն մի բան է նշանակում՝ այնքան ոտնահարված են կանանց իրավունքները, այնքան կինը գնահատված չէ հասարակության մեջ, որ այսպիսի մի օր են նշել, որպեսզի բացառություն անեն մյուս 364 օրերից։ Այնպես որ, լավ կլիներ, որ այս տոնը չլիներ, բայց լիներ կանանց լիարժեք ինքնարտահայտման հնարավորություն մեր հասարակության մեջ։ Մի կողմից՝ կանայք շատ մեծ դերակատարում ունեն մեր կյանքում, կանանց վրա շատ մեծ բեռ է դրել հասարակությունը, բայց մյուս կողմից էլ՝ կանայք լիարժեք անդամ չեն դիտվում հասարակության։ Իրենք՝ կանայք էլ ունեն կնոջ նկատմամբ թերագնահատելու վերաբերմունք։
Եթե մարդու հետ շփվում են և իր սեռը նկատում են, նշանակում է՝ գոյություն ունի գենդերային խտրականություն։ Մարդը պետք է գնահատվի հասարակության մեջ իր որակների, արժանիքների համար, այլ ոչ թե՝ նրա համար, որ ինքը կին է»։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ չի սիրում Մարտի 8-ը. «Ուզում են՝ թող տոնեն, բայց հայտարարել, օրենքով գրել՝ կանանց տոն, անհեթեթ է։ Մենք բոլորս երեկ էլ ենք կին եղել, ապրիլի 7-ից հետո էլ ենք կին լինելու, բայց իրավունքի տեսակետից՝ համամիտ եմ։ Մենք տղամարդկային հասարակություն ենք, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք, լավագույն դեպքում՝ աչքներս մտցնել, թե՝ միամսյակ ունենք։ Ես չեմ ուզում այդ միամսյակը, ես ուզում եմ՝ տարվա բոլոր օրերին իմ սեռակիցների նկատմամբ լինի հարգալից վերաբերմունք։ Մեր երկրում, ուզեն-չուզեն, կանանց տեղ են տալիս, ուզեն-չուզեն, վախենում են, արդեն կեղտաջրերից էլ են վախենում։ Ուզում եմ ասել, որ կանայքս ունենք լուրջ դերակատարում մեր երկրում, մենք կարող ենք շատ արժեքավոր բաներ անել մեր երկրի համար»։
Բախշյանի խոսքով՝ կանայք քաղաքականության մեջ բերել են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան. «Ինչպես ամուսինս էր ԱԺ-ի համար ասում՝ եթե կանայք շատ լինեն, տղամարդիկ իրենց ավելի ջենթլմեն կզգան։ Չնայած՝ այսօրվա իրականությունը դրան այդքան էլ չի համապատասխանում»։