Բաժիններ՝

«Տարին ռիսկային է. կարկտահարությունների և ցրտահարությունների վտանգը մեծ է». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս տարի կրիտիկական է ջրամբարների վիճակը.

«Ջրամբարներում կուտակումներ գրեթե չկան, և հենց այսօր կոչ ենք անում հանրապետության ղեկավարությանը՝ կանգնեցնել հէկ-երի աշխատանքը։ Այս տարի ռիսկային տարի է, հէկ-երը հիմա էլ են աշխատում։ Արդեն 5-6 տարի է՝ մենք այդ խնդիրն ունենք, հէկ-երը չպետք է ջրամբարների վրա աշխատեն։ Հարցին լուծում են գտել, սկսել ենք խորքային հորերը վերականգնել Արարատյան դաշտում, բայց չէ՞ որ նույն կառավարությունը պայքարում էր այդ հորերը փակելու համար և գումարներ էր ծախսում։ Ոռոգման համակարգի տգետ ղեկավարներից մեկը հայտարարեց, որ Սևանի ջրով Հոկտեմբերյանը կոռոգեն․ չկա այդտեղ ջրանցք, որ այդ ջուրը հասնի Հոկտեմբերյան»։

Բերբերյանը նկատեց՝ տարին ռիսկային է, գարունը տատանումներով է գալիս, և ըստ նրա՝ կարկտահարությունների և ցրտահարությունների վտանգը մեծ է։

«Այսպես չի լինի․ մի նախարար գալիս՝ ելակ է ցանում, մյուսը ռեհան է ցանում, մյուսն էլ  կանեփ է ցանում։ Մենք պետք է ունենանք ռազմավարություն»,- ասաց նա։

Ագրարագյուղացիական միավորման նախագահին վրդովեցրել է Լարսի մաքսատան միջադեպը՝ օհանավանցիների մասնակցությամբ. «Պուտինն ինքը ճառում էր, թե պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ռուսաստանը կոռումպացված երկիր է, կա ու պետք է լինի, և նրա հետ պետք է վարվենք այնպես, ինչպես նա է մեզ հետ վարվում։ Այդ 21 մեքենա խնձորը հենց գյուղացու արտադրանք է եղել, ոչ թե ընկերություն է արտահանել, այլ գյուղացիները հավաքվել՝ մեքենաներ են վարձել և փորձել են արտահանել։ Իմիջիայլոց, սննդի անվտանգությունը փաստաթղթերը պատշաճ ձևակերպել է, որևէ թերություն չէր կարող լինել։

Մարդիկ առիթ են ման գալիս, ասում են՝ պիտակը ծուռ է կպցրած, բանանի արկղի մեջ է․ գյուղացին ուրիշ արկղ չունի, և, եթե առիթ են ուզում գտնել, անմիջապես գտնում են։ Բնականաբար, եթե գրպանները գումար դնեին, այդ առիթը չէին գտնի։ Նախարարն այսօր պետք է Լարսում լիներ՝ Վրաստանի նախարարի հետ, բայց ինչո՞վ է զբաղված։ Չէ՞ որ ժողովրդի ծառա ես, գնա՝ ծառայի»։

Հիշեցնենք, որ Օհանավան համայնքի բնակիչները փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան։

Ինչ վերաբերում է սերմացուին, նա ասաց, որ պետությունը պետք է գյուղացուն օգնի՝ գումար սուբսիդավորելով յուրաքանչյուր հեկտարի համար. «Մեր միավորումն իր ֆերմերներին ապահովել է պարարտանյութով և սերմացուով, կարտոֆիլի բերքը կայուն կլինի, խոստանում եմ ազգաբնակչությանը, մատչելի գներ կլինեն»։

Ըստ Բերբերյանի՝ անասնապահությունը վատ վիճակում է. «Եթե տարին անձրևային չլինի, անցյալ տարվա նման՝ այս տարի ևս անասնակերի խնդրի առջև կկանգնի գյուղացին։ Այս տարի կաթի անկում էլ կունենանք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս