«Չգիտեմ՝ ինչ անեմ. ձեռս ջարդեք՝ խոստովանեմ». փոխնախարարը սրտնեղեց լրագրողների հարցերից
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն այսօր ԱՆ-ում կազմակերպված բրիֆինգի ժամանակ ներկայացրեց բժշկական ապահովագրության 5 ամսվա արդյունքները և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։
Նա նշեց, որ 5 ամսվա ընթացքում 42 284 պետական ծառայող ստացել է մոտ 1 մլրդ 250 մլն դրամի բժշկական ծառայություններ. «Սրանց թվում գերակշռում են կանխարգելիչ միջոցառումները՝ 34 942, ու հատկանշական է, որ այստեղ ունենք բավականին պատկառելի թիվ՝ 3986 վիրահատական միջամտություն, որոնք փոխհատուցվել են ապահովագրական ընկերությունների կողմից։ Այս վիրահատությունների միջին արժեքը կազմում է 250 հազար դրամ։ Երևի բոլորին էլ հասկանալի է, որ նույնիսկ միջին աշխատավարձի պայմաններում դա բավականին պատկառելի բեռ էր պետական ծառայողների համար։ Իսկ եթե վերցնենք այն հանգամանքը, որ կես մլն դրամ վիրահատություններն անցնում են 400-ը, 1 մլն դրամը գերազանցող վիրահատությունները՝ 500-ին մոտ են, հասկանում ենք, որ այստեղ լուրջ սոցիալական խնդիր է լուծվել»։
Ս. Մարգարյանի խոսքով՝ բժշկական ապահովագրական համակարգը մարդուն ազատ ընտրության հնարավորություն է տալիս․«Եթե սոցիալական փաթեթում կային հերթագրման ինստիտուտներ, միշտ սոցիալական փաթեթը բաշխվում էր հիվանդանոցների միջև, և լավ հիվանդանոցում շուտ էր վերջանում, իսկ վատ հիվանդանոցում՝ ուշ, կար որոշակի թղթաբանական բյուրոկրատիա, ապա մենք այդ բոլոր խնդիրները գույքագրել ենք, նոր ռեֆորմով՝ մարդուն դրել կենտրոնում և փորձել հասկանալ, թե մարդու առավելագույն պահանջմունքները բավարարելու համար ինչ քայլեր են պետք անել, և կարծում ենք՝ մեզ մոտ այդ ամենը ստացվեց։
Արդյունքն այն է, որ պետծառայողը գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում, բացի անձնական տվյալներից։ Մյուս ամբողջ բյուրոկրատիան տեղի է ունենում էլեկտրոնային համակարգում՝ ապահովագրական ընկերություն-հիվանդանոց ինստիտուցիոնալ կառույցների միջև։ Մարդն ուղղակի կարիք ունի, գնում է հիվանդանոց կամ զանգահարում է իր ապահովագրական ընկերությանը, և երկու տարբերակում էլ շատ արագ ստանում է իր բուժօգնությունը։ Եվ, որ ամենակարևորն է՝ մարդն ազատ է ընտրել իր բուժհիմնարկը։ Դա բերում է բուժհիմնարկների միջև մրցակցության»։
Նա ընդգծեց՝ նոր կարգով քաղաքացին կարող է 160 բուժհիմնարկից ընտրել իր ցանկացածը. «Կար քննադատություն, որ ապահովագրական ընկերությունների հարցում մարդուն չենք տվել ազատ ընտրության հնարավորություն։ Մեր 5 ամսվա փորձը ցույց տվեց, որ բոլոր այդ մտավախությունները տեղին չէին։ Մենք ապահովել ենք, որ մարդը չզգա, թե իրեն որ ընկերությունն է սպասարկում»։
Նրա խոսքով՝ եթե ապահովագրական ընկերության ընտրությունը թողնվեր քաղաքացիների ընտրությանը, ապա հիմնարկների ղեկավարները կարող էին պայմանավորվել այս կամ այն ապահովագրական ընկերության հետ և իրենց աշխատողին պարտադրել օգտվել հենց տվյալ ընկերությունից։
Մարգարյանն ասաց, որ 600 հազար աղքատ բնակչության համար համակարգի ներդրման տնային աշխատանքն արդեն ավարտվել է. «Մենք ուզում ենք, որ հասարակության գերակշիռ մասն այս ծրագիրն ընդունի՝ որպես իրենց համար անհրաժեշտ լուծում։ Երբ ունենան կրիտիկական մասսա, որ 700 հազար մարդ օգտվի այս համակարգից, մյուսները կսպասեն իրենց հերթին։ Դա ամբողջ հասարակության համար երկարաժամկետ խնդրի լուծում է, և բարդ է ամբողջական անցման վերաբերյալ կոնկրետ ժամկետներ ասել»։
Բրիֆինգի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ բժշկական ապահովագրության ոլորտում նախարարության արձանագրած հաջողությունների մասին, որտեղ շահառուները շնորհակալական խոսքեր էին ասում նախարարությանը։
Լրագրողները, սակայն, Մարգարյանից հետաքրքրվեցին՝ իսկ ինչո՞ւ ապրիլի 1-ից այս փաթեթից օգտվելու հնարավորություն չունեցան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ինչպես խոստացել էր նախարար Ալթունյանը: Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ Ալթունյանը հստակ ժամկետ չի նշել. «Ես չեմ լսել նման բան, եթե նշել է՝ կխնդրեի՝ ցույց տալ»։ Իսկ ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, ապա նա նշեց, որ այս հարցը գտնվում է նախարարության օրակարգում, և իրենք փորձում են չշտապելով քայլեր անել, ինչն ըստ նրա՝ զերծ կպահի լրացուցիչ և տեխնիկական խնդիրներից:
Իսկ հարցին, թե պարտադիր դեղատոմսի կիրառման օրենքի հարցում նախարարությունն արձանագրեց խայտառակ իրավիճակ, ինչո՞ւ որոշեց հետքայլ անել, փոխնախարարը լրագրողներին խորհուրդ տվեց կարդալ կառավարության որոշման տեքստին կից եղած հիմնավորումները, թե ինչու են ժամկետները երկարացվել. «Հիմնավորումների մեջ հստակ գրված է, որ սկզբնական որոշումը կայացվել էր, որ ստարտը տրվի մարտի 1-ին, հետո հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ որոշվել է եռափուլ կազմակերպել»։
Նա խրատական համարեց այն հարցը, թե կարելի՞ էր այդ ամենն ավելի ճիշտ ձևով կազմակերպել, որ նման խնդիրներ չառաջանան. «Իհարկե կարելի էր, այդ հարցը չունի այլ պատասխան»։
Դեղատոմսերի վերաբերյալ մյուս բոլոր հարցերը Սամվել Մարգարյանը թողեց անպատասխան՝ նորից հորդորելով կարդալ կառավարության որոշման հիմնավորումները, ինչին ի պատասխան՝ լրագրողներն ասացին, որ շատ լավ ծանոթ են հիմնավորումներին և հարցնում են, թե ինչու ամեն ինչ նախապես չէին կազմակերպել։ Հետագա բոլոր հարցերը մնացին անպատասխան։
Լրագրողները համառեցին՝ ինչո՞ւ չեք խոստովանում, որ թերացել եք:
«Չգիտեմ՝ ինչ անեմ. ձեռս ջարդեք՝ խոստովանեմ. մարդուց խոստովանություն պոկելը ՄԱԿ-ի կոնվենցիաներին էլ է դեմ»,- ասաց նա լրագրողներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում